Նոր զոհ. հայ զինծառայող է սպանվել Նախիջևանի մոտ

Photo: Photolure

Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող զոհվել է, երբ մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն կրակահերթեր է արձակել:

armenia-azerbaijan-karabakh-map-NakhijevanՀայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մայիսի 14-ին Արամ Օհանյանը հակառակորդի կողմից արձակված դիպուկահար կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պետական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ (ադրբեջանական անկլավ Նախիջևանի մոտ) տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

Իսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ադրբեջանական ուժերը շարունակել են խախտել ապրիլի 5-ին ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը, սակայն շփման գծի երկայնքով «օպերատիվ իրադրության» փոփոխություններ չեն արձանագրվել:

Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային ուղղությամբ, որտեղ ադրբեջանական զինուժը կիրառել է հետևակի մարտական մեքենա և նռնականետ:

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հաղորդել է, որ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում «վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»: