Ֆուլ կոնտակտ. ծեծկռտուք հայ և ադրբեջանցի մարզիկների միջև քունկ ֆուի ռինգում

Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված Եվրոպայի քունկ ֆուի առաջնությունում, որտեղ երկու հակառակորդ երկրների ներկայացուցիչների միջև մրցումները ստիպված էին դադարեցնել, քանի որ այն անվերահսկելի էր դարձել:

Մրցապայքարի վերջում, երբ այլևս ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը ադրբեջանցի մրցակցի նկատմամբ, Ադրբեջանի պատվիրակությունը ռինգում հարձակվում է Հայաստանի ներկայացուցչի վրա, որն արագ տեղափոխվում է մարզադահլիճ:

Անցյալ շաբաթավերջին համացանցում հայտնված մայիսի 13-ի տեսանյութում երևում է, թե ինչպես ավելի քան երեք տասնյակ ադրբեջանցիներ մահակներով հարձակվում են Հայաստանի հավաքականի 11 անդամների վրա, որոնց մեծ մասը` անչափահասներ: Ըստ հաղորդումների` միջադեպի ընթացքում վնասվածք է ստացել նաև Եվրոպայի քունկ ֆուի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկին, որը փորձել է դադարեցնել ծեծկռտուքը:

Մրցավարական կոմիտեի որոշմամբ Ադրբեջանի հավաքականը «սպորտային էթիկան» խախտելու համար նկատողություն է ստացել և որակազրկվել:

Ինչպես Aysor.am-ին ասել է Հայաստանի քունգ ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը, տպավորությունն այնպիսին էր, որ Ադրբեջանի պատվիրակությունը նախապես ծրագրել էր այդ սադրանքը:

Հետաքրքիր է, որ արցախցի մարզիկի ավագ եղբայրը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական 5 տանկ ու 1 ՀՄՄ խոցած և «Մարտական խաչ» շքանշանի արժանացած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանն է:

Նախկինում չեզոք վայրերում անցկացված մարզական միջոցառումների ժամանակ նույնպես տեղի են ունեցել հայ-ադրբեջանական բախումներ: Նման ամենամեծ միջադեպը Կիպրոսում 2006 թ. երկու երկրների մինչև 19 տարեկանների հավաքականների ֆուտբոլային հանդիպման ժամանակ էր:

Որպես կանոն` երկու երկրների մարզական պատվիրակությունները խուսափում են հարևան երկրում անցկացվող մրցաշարերին մասնակցելուց: