Ղարաբաղ. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մեկնում են Վիեննա բանակցությունների

Սպասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կանցկացնեն իրենց առաջին հանդիպումը անցյալ ամիս Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո: Հանդիպումը այսօր երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նախապատրաստվել է միջազգային միջնորդների ջանքերի շնորհիվ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահները հույս ունեն, որ Հարավային Կովկասի երկու առաջնորդների հանդիպումը կնպաստի ամրապնդելու ապրիլի 5-ին հակամարտության գոտում ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված բանավոր համաձայնությունը վերջ տվեց երկու կողմերից մի քանի տասնյակ կյանքեր խլած և ավելի շատ վիրավորների հանգեցրած չորս օր տևած ծանր մարտերին, սակայն հակամարտության գոտում մինչ օրս էլ անկանոն հնչող կրակոցների հետևանքով շարունակում են մարդիկ սպանվել և վիրավորվել:

Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները արդեն հաստատել են, որ պատրաստվում են մասնակցելու Վիեննայի բանակցություններին:

Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) ասել են, որ հանդիպման ժամանակ համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների հիմնական նպատակներն են «վերահաստատել հրադադարի ռեժիմը և հիմնարար սկզբունքների հիման վրա համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար բարենպաստ պայմանների ստեղծումը»:

Իրենց մայիսի 12-ի հայտարարության մեջ միջնորդները նաև շեշտել են, որ «բանակցություններում չի կարող արձանագրվել որևէ առաջընթաց, եթե բռնությունները շարունակվեն, և չի կարող լինել խաղաղություն, եթե բանակցություններ չլինեն»:

«Մենք վերահաստատում ենք, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա», – հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Մինչդեռ Ղարաբաղի շուրջ և անհանգիստ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու երկայքնով լարվածությունը շարունակվում է, և հակամարտող կողմերը մեղադրում են միմյանց զինադադարի պայմանագրի պայմանները խախտելու մեջ:

Դիտորդները նշում են, որ լայնամասշտաբ պատերազմի մեջ, որն արտահայտվում է երկու կողմերի սպառազինության կուտակմամբ և թշնամանքի աճով, կարող են ներգրավվել նաև տարածաշրջանի այլ երկրներ, այդ թվում` Թուրքիան և Ռուսաստանը:

Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպման նախօրեին Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները հանդիպել են` քննարկելու համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագրերը:

«Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի մարտունակության և մարտական պատրաստության բարձրացման համար մենք նպատակահարմար ենք համարել համատեղ զորավարժությունների անցկացումը»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մայիսի 15-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում բանակցություններից հետո: