Վերլուծաբան. Վիեննայի հանդիպմանը կքննարկվեն խաղաղ բանակցությունների նախապայմանները

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Վիեննայում հավանաբար կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կապված է լինելու Հայաստանի կողմից բանակցություններին ուղղված նախապայմաններին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ աշխատանքային այցով ժամանել է Վիեննա, որտեղ այսօր տեղի կունենան մի շարք հանդիպումներ, և  չի բացառվում նաև երկու նախագահների հնարավոր հանդիպումը:

Պետք է նշել, որ տեղի ունենալիքը հանդիպում է, ոչ թե բանակցության փուլ, իսկ բանակցություններ սկսելու համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեք նախապայման է առաջ քաշել:  Առաջին՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկրորդ՝ հասցեական հայտարարություններ և երրորդ՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ:

Շահնազարյանի խոսքով՝ Վիեննայում կայանալիք հանդիպումը ուղղված է հենց Հայաստանի կողմից առաջ քաշված նախապայմանների քննարկմանը:

«Հիմնական խնդիրը անվտանգության միջոցների և վստահության միջոցների վերականգնման գործառույթները ավելացնելն է: Բանակցային գործընթացի ձևավորման մասին դեռևս ոչ մեկը չի խոսում, անգամ ռուսական կողմի և Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից  երևում է, որ սա ընդամենը քննարկում է և բանակցային գործընթացի սկիզբ չէ, իսկ ադրբեջանական մամուլը փորձում է հակառակը ներկայացնել»,- երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ նախագահ Սարգսյանը կփորձի առաջ քաշել հնարավորինս խիստ պահանջներ, որոնք միտված կլինեն Ադրբեջանի ակտիվ գործողությունները զսպելուն:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ, անդրադառնալով հանդիպմանը, news.am-ի հետ զրույցում նշել է, որ այժմ կարևորագույն խնդիրը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում խաղաղության և կայունության պաշտպանումն է, և հանդիպումը պետք է նպաստի դրան:

«Վիեննայի հանդիպումները կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար։ Մենք վաղուց ենք ասում, իսկ համանախագահներն էլ հայտարարում են միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհրաժեշտության մասին։ Դա կարող է լրացուցիչ տեխնիկական և մարդկային միջոցներ  պահանջել, սակայն առանց այդ գործընթացի անհնար է առաջ գնալ և մոտենալ ավելի բարդ խնդիրների լուծմանը, ինչպիսիք են` սահմանները և կարգավիճակը»,- նշել է նա: