Ղարաբաղ. հայ զինվոր է զոհվել Սարգսյան-Ալիև հանդիպման ֆոնին

Photo: Photolure

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ռազմական իշխանությունները ասել են, որ հայ զինվոր է սպանվել այս գիշեր` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` միջազգային միջնորդների նախաձեռնությամբ Վիեննայում անցկացված հանդիպման ֆոնին:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության, 20-ամյա ժամկետային զինծառայող Խաչատուր Հարությունյանը մայիսի 17-ին` ժամը 00.50-ի սահմաններում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Ադրբեջանի հետ շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում:

Ղարաբաղյան կողմը մեղադրել է Ադրբեջանին մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը ապրիլի 5-ին ձեռք բերված կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտելու մեջ` օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, հաստոցավոր ավտոմատ նռնականետներ, ինչպես նաև հետևակի մարտական մեքենա:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարևելյան (Հադրութ) և արևելյան (Մարտունու) ուղղություններով:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնագծում ստեղծված լարվածության հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդել է Ղարաբաղում այս գիշեր զոհի մասին, մեղադրելով հայկական կողմին հրադադարը խախտելու մեջ: Ինչպես հաղորդվում է, Բաքվում ռազմական գերատեսչությունը տարածած հաղորդագրության մեջ ընդգծել է այն հանգամանքը, որ ադրբեջանցի զինծառայողը սպանվել է Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո:

Երկուշաբթի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են պահպանել հրադադարի ռեժիմը ղարաբաղյան հակամարտության գոտում և առաջիկայում վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգայնորեն միջնորդավորված բանակցությունները: