
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում համաձայնել են պահպանել հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում և վերսկսել երկխոսությունը միջազգայնորեն միջնորդավորված բանակցությունների ընթացքում` գտնելու հակամարտության փոխզիջումային խաղաղ կարգավորում:
Հարավկովկասյան երկու երկրների ղեկավարները հանդիպել են անցյալ ամիս 1994 թ.-ից հետո առաջին անգամ հակամարտության գոտում չորս օր տևած աննախադեպ ռազմական գործողություններից հետո, որոնց հետևանքով երկու կողմերից էլ բազմաթիվ զոհեր և վիրավորներ եղան:
Հանդիպումը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի նախաձեռնությամբ:
(Մինչև հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Քերրիի և Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:)
Հանդիպումից հետո ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հայտարարել են, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կրկին կհանդիպեն հունիսին` վերսկսելու խաղաղ կարգավորման գործընթացը և վերահաստատել են, որ «հակամարտությունը չունի ռազմական լուծում»:
«Նախագահները վերահաստատել են հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը,- ասված է հանդիպումից հետո ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված Քերրիի, Լավրովի և Դեզիրի տարածած համատեղ հայտարարության մեջ: – Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են հնարավորինս սեղմ ժամկետում վերջնականացնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմը»:
Նախագահները համաձայնության են եկել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությունը զգալիորեն ընդլայնելու շուրջ:
Ըստ այդ հայտարարության` Սարգսյանը և Ալիևը համաձայնել են «հաջորդ հանդիպման մասին, որն անցկացվելու է հունիսին` կողմերի համաձայնությամբ ընտրված վայրում` նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները հակամարտության համակողմանի կարգավորման շուրջ»:
Երկու ղեկավարները պայմանավորվել են նաև շարունակել 2014 թ. հոկտեմբերին Փարիզի հանդիպման ժամանակ ձեռք բերված` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո անհետ կորած անձանց մասին տվյալների փոխանակումը:
Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի աննախադեպ լարվածությունից հետո նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու երեք նախապայմաններ` հրադադարի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդնում, միջազգային միջնորդների հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ:
Ադրբեջանը երկար տարիներ ըստ էության մերժում է միջազգային մակարդակում առաջարկված վստահության ամրապնդման միջոցները, այդ թվում` հրադադարի ռեժիմի ամրապնդման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը:
Սարգսյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել մայիսի 16-ին տեղի ունեցած հանդիպման մասին, նշելով, որ «Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994 թ. զինադադարի և 1995 թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը»:
«Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: