
Սարգսյան-Ալիև հանդիպումը հայկական կողմում, կարծես թե, ընդհանուր առմամբ դրական գնահատականների է արժանանում, սակայն նշվում է նաև, որ այս հանդիպումով որևէ էական փոփոխություն չի լինի:
Երկուշաբթի երեկոյան Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում այս տարվա ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները:
Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994 թ. զինադադարի և 1995 թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը և համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:
Վիեննայից վերադարձի ճանապարհին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին ասել է, որ հայկական կողմի նպատակն էր պարզել` արդյոք իրականության մեջ բանակցությունները մտե՞լ են փակուղի, և այլ ելք չկա՞, քան պատերազմելը, թե՞, այնուամենայնիվ, հնարավոր է խնդիրը լուծել քիչ կորուստներով:
«Ընդհանուր առմամբ ես և իմ գործընկերները բավարարված ենք հանդիպման արդյունքներով, և սրա մասին շատ ավելի հստակ կարող ենք ասել, երբ կհնչի համանախագահների հայտարարությունը: Բայց այնուհանդերձ Ադրբեջանի նախագահը հավաստիացրեց, որ իր երկիրը և ինքն անձամբ նպատակ չունի պատերազմական գործողություններով հասնել ինչ-որ մի խնդրի լուծման»,- ասել է Սարգսյանը՝ ակնարկելով, սակայն, որ Ադրբեջանի ղեկավարի հավաստիացումներին պետք է թերահավատորեն վերաբերվել:
«Դուք շատ լավ հասկանում եք և, կարծում եմ, նույնիսկ կանխատեսում եք իմ արձագանքը, որը հետևյալն է. դա լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում, որովհետև այդպիսի խոսակցություններ եղել են բազմիցս, բայց իրականության մեջ արդեն մի քանի տարի է, որ պայմանավորվածությունը չի պահպանվում»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ թեև հայկական կողմի ցանկությունը խնդրի խաղաղ կարգավորումն է, սակայն բոլոր պարագաներում պատրաստ են ցանկացած ելքի:
Հատկանշական է, որ այս հանդիպման ժամանակ էլ ԼՂՀ-ում շարունակել են կրակահերթեր հնչել, որոնց հետևանքով հայկական կողմն ունեցել է կորուստ:
Սակայն ԼՂՀ-ում ևս ողջունում են հանդիպումը: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի կարծիքով` աշխատանքները ճիշտ ուղղությամբ են սկսել՝ ամենաստորին օղակից՝ դիտարկման մեխանիզմների ներդրումից:
«Կամաց-կամաց ու մի փոքր քար դնելով` սկսեն կառուցել հակամարտության կարգավորման, այսպես ասած, շենքը: Այս օղակը տարիներ շարունակ, չգիտես ինչու, անտեսված է եղել, ինչի կարևորության մասին թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ Ստեփանակերտը խոսել են: Խոսքը սարքավորումների մասին է, օրինակ, սահմանի երկայնքով` Ադրբեջան-Արցախ, Ադրբեջան-Հայաստան, պետք է դրանք տեղադրվեն, միգուցե, արբանյակային նկարահանումներ անելու կարողությունները համանախագահ երկրներն օգտագործեն, այդտեղից տեսնեն` զորքերի շարժ կա՞- չկա՞»,- ասել է Բաբայանը:
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով էլ այս հանդիպումով ընդամենը հաստատվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքները, մինչդեռ այն մասին, ինչ ասում էր Սերժ Սարգսյանը հասցեական հայտարարությունների վերաբերյալ, առավել ևս մինչև ապրիլի 1-ը եղած դիրքերի վերականգնման մասին, խոսք չեղավ:
«Իրականում որևէ լուրջ փոփոխություն տեղի չունեցավ, իմ կարծիքով` սա ժամանակ շահելու համար է, մինչ այդ Ադրբեջանը կշարունակի իր քաղաքականությունը: Սա է վկայում է այն հանգամանքը, որ նույնիսկ Վիեննայում հանդիպման ընթացքում Ղարաբաղում այս գիշեր զինծառայող զոհվեց»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Մարտիրոսյանը:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով էլ հանդիպումն ընդհանուր առմամբ համապատասխանել է այն նպատակներին, որի համար կազմակերպվել էր:
«Միգուցե այն կետը, որտեղ խոսվում էր ագրեսիայի մեղավորին ուղղված հայտարարությունների մասին, նախագահի այս պահանջը չկատարվեց, բայց պետք է հաշվի առնել, որ դիվանագիտական գործընթացը երբեմն պահանջում է ավելի մեղմ արձագանք: Կարծում եմ` այս հանդիպման ժամանակ անկեղծ զրույց է տեղի ունեցել, ուստի դրան կարելի է զգուշավոր լավատեսությամբ վերաբերվել»,- «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:
Հեղինակ` Գոհար Աբրահամյան` Ալինա Նիկողոսյանի և Սաթենիկ Թովմասյանի հետ համատեղ