ԱԺ. պատեհ ժամանակին Հայաստանն ու միջազգային հանրությունը կճանաչեն Ղարաբաղը

Photo: Photolure

ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը չի ընդգրկվել Հայաստանի Ազգային ժողովի 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում: Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ պահը դեռ չի հասունացել, և երբ պատեհ պահը գա ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունը կճանաչի ԼՂՀ անկախությունը:

Փոխանցելով կառավարության տեսակետը` փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշել է. «Հստակ հայտարարվել է, հայտարարվել է մեր նախագահի շուրթերով, որ անհրաժեշտ է, որպեսզի լինի կայուն զինադադար, ավելին՝ պետք է ինչ-որ վստահության միջոցներ կյանքի կոչվեն: Դրա համար այսօր խոսել ընդհանրապես բանակցային գործընթացի մասին, քանի որ չի ապահովված դրա հիմքը, իսկ հիմքը դա կայուն զինադադարն է: Հիմա նպատակը նա է, որ ոչ միայն կանխվի ապագա ռազմական գործողությունների վերսկսումը, այլ նաև լինի կայուն զինադադար»:

Հիշեցնենք, որ օրինագծի քննարկումը, որը մայիսի 5-ին ՀՀ կառավարությունը ներկայացրել էր Ազգային ժողով, հաջորդել էր մի քանի շաբաթ առաջ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված ռազմական գործողություններին, որոնց ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ԱԺ-ում մեծամասնություն կազմող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջնորդը, զգուշացրել էր Բաքվին, որ զինված բախումները լայնածավալ պատերազմի վերածվելու դեպքում Երևանը կքննարկի Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հարցը:

Օրինագծի համահեղինակ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիտարկմամբ` դեռևս 1994 թվականին կապիտուլյացիայի փոխարեն զինադադար կնքվեց, 1994 թվականին չճանաչվեց, հիմա նույն բանն է տեղի ունենում:

«Այս պահի դրությամբ Խաչատուրովի [ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ] մեկնելը Ռուսաստանի Դաշնություն նույնն էր, ինչ որ մենք կապիտուլյացիայի ենթարկվեցինք: Այս պահի դրությամբ մենք ունենք բազմաթիվ բարձունքներ, որոնք գրավված են Ադրբեջանի կողմից, ունենք բազմաթիվ զոհեր, հետևաբար այս ագրեսիան միայն այսկերպ մենք կարող ենք կանգնեցնել»,- մինչև քվեարկությունը հայտարարել է Փոստանջյանը:

«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը նշել է, որ հայկական կողմը արդեն երկար ժամանակ է` ճանաչելու-չճանաչելու այս հարցն օգտագործում է որպես ճնշման լծակ Ադրեբջանի վրա, որպես վերջին փամփուշտ:

«Եթե ունես մի փամփուշտ, ապա դա պահում ես վերջում օգտագործելու համար: Կարծում եմ` այս գործընթացն ավելի երկար կտևի, չեմ կարծում` Կառավարությունը հավանություն տվեց և ԱԺ ուղարկվեց, ու այնտեղ միանգամից կքվեարկեն, կհաստատեն: Այս գործընթացը դեռ կերկարի»,- ասել է Պապյանը:

Ըստ փորձագետի` բոլորը հասկանում են, որ բանակցային ճանապարհով ղարաբաղյան հարցը լուծում չունի, բայց միևնույն ժամանակ որևէ կողմ չի ուզում բանակցային գործընթացը խափանելու բուն մեղադրանքը իր վրա վերցնել, թեև Հայաստանը կարող է մեղադրել Ադրբեջանին բազմաթիվ անգամներ զինադադարը խախտելու համար:

Ավելի վաղ ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել էր, որ Հայաստանի երեք նախագահներն էլ մշտապես հայտնել են այն թեզը, որ եթե Ղարաբաղը հարձակման ենթարկվի, ապա պաշտոնական Երևանի քայլերից մեկը կլինի Արցախի անխախության ճանաչումը:

«Ինքս գտնում եմ, որ եթե մեր ընկալման մեջ այս քառօրյա պատերազմն իրոք պատերազմ էր, ապա պետք էր ճանաչել ԼՂՀ անկախությունը ապրիլի 3-ին և հնարավորություն տալ իշխանությանը շարունակել ռազմական գործողությունները: Եթե այդ պահին դա չարեցինք, հիմա արդեն անիմաստ է դառնում և արժեզրկվում ճանաչման գաղափարը»: