ԱՄՆ-ը բարձր է գնահատել հայ-ադրբեջանական հանդիպումը, խոստացել աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Միացյալ Նահանգները մայիսի 16-ի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը որակել է «ճիշտ ուղղությամբ արված քայլ» և բարձր գնահատել Հարավային Կովկասի երկու առաջնորդներին ցուցաբերած «քաղաքական կամքի» համար:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում, որը կազմակերպել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ի թիվս որոնց նաև` ԱՄՆ-ը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համաձայնել են ապրիլի սկզբին հակամարտության գոտում տեղ գտած մահացու բախումներից հետո պահպանել հրադադարի ռեժիմը և մասնակցել հետագա քաղաքական երկխոսությանը:

«Երկու երկրների նախագահներն էլ պարտավորվել են հարգել հրադադարը, ջանքեր գործադրել փոխադարձ վստահության հաստատման համար, ինչպես նաև եկող ամիս վերսկսել բանակցությունները՝ հակամարտությանը համապարփակ լուծում գտնելու համար»,- ասել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին երեքշաբթի Վաշինգտոնում ամենօրյա ճեպազրույցի ժամանակ:

«Նրանք [Սարգսյանը և Ալիևը] դրսևորեցին քաղաքական կամք` ստատուս քվոյի շրջանակներից դուրս գալու և տարածաշրջանի ողջ բնակչության համար օգտակար քայլերի դիմելու համար: Իսկ Միացյալ Նահանգներն էլ իր կողմից պատրաստակամ է աջակցել կողմերին այս հարցում»,- հավելել է պաշտոնյան:

Սարգսյանը-Ալիև հանդիպումը գնահատելով «դրական» և « ճիշտ ուղղությամբ արված քայլ», Քիրբին ասել է. «Այժմ բոլորը պետք է ջանասիրաբար աշխատեն` իրենց ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար»: