Հայ և ադրբեջանցի վերլուծաբանները քննարկում են Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքները

Photo: Media Center

Հայ և ադրբեջանցի քաղաքագետները «Մեդիա կենտրոնում» հեռակապի միջոցով քննարկել են երկու երկրների նախագահների` նախօրեին տեղի ունեցած հանդիպման հնարավոր արդյունքները` կարծիք հայտնելով Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հնարավորության մասին:

Վիեննայում նախագահների հանդիպումից հետո լավատես չէ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա` ընդամենը փորձ է արվել գնդացիրներով ու ինքնաձիգներով խոսակցությունը տեղափոխել բանակցային սեղանի շուրջը:

«Մենք ունենք բանակցային գործընթացի վերակենդանացման փորձ, ինչը վատ չէ, խոստումներ, որ բանակցային գործընթացը` ի դեմս նախագահների, կշարունակվի: Այս ամենի հանրագումարը պատերազմականից քաղաքական կարգավորման հուն վերադառնալն է: Ես հեռու եմ այն մտքից, որ վստահության մեխանիզմներն ինչ-որ արդյունք կտան հիմա` այս տարիներից ու այս պատերազմից հետո:

Իրականում նման վստահություն վերականգնելու համար շատ ժամանակ է հարկավոր: Կապրենք, կտեսնենք»,- ասել է Կովկասի ինստիտուտի տնօրենը:

Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Շահին Ռզաևը արդեն իսկ հույս հայտնելով, որ Սարգսյան-Ալիև հանդիպումն առաջընթաց է կարգավորման գործընթացում, նշել է. «Առաջին անգամ Վիեննայում հստակ արձանագրվեց, որ պատերազմը ելք չէ: Հուսամ, որ դիպուկահարները երևի թե էլ չեն կրակի սրանից հետո»:

Իսկանդարյանը սակայն մտավախություն ունի, որ հազիվ թե սահմանին սկսեն չկրակել, բայց այն, որ քաղաքական գործընթացն առկա է, արդեն վատ չէ: Ըստ քաղաքագետի` եթե ադրբեջանական կողմից կրակոցներ չլինեն, ապա սահմանին խաղաղություն կտիրի:

«Հայաստանը կրակելու կարիք չունի: 1992-94 թվականների ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը հասել է իր առաջ դրած նպատակներին: Հիմա Հայաստանի ու Ղարաբաղի համար կրակելն աննպատակ է: Ադրբեջանում հակառակն է` նրանք սահմանին իրավիճակը լարված պահելու ռացիոնալ կարիք ունեն: Շատ օրինակներ կան, երբ հակամարտությունը կարգավորվել է ռազմական ճանապարհով, սակայն ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ այս պարագայում դա չի հաջողվի, պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջը: Դրան էլ հենց ձգտում են համանախագահները»,- ասել է Իսկանդարյանը:

Հելսինկյան կոմիտեի ադրբեջանական գրասենյակի մամուլի քարտուղար Նիջաթ Մելիքովն էլ, ներկայացնելով Ադրբեջանում տիրող հասարակական-քաղաքական տրամադրությունները, նշել է, որ թեև Ադրբեջանի հասարակությունում կա մի հատված, որը կողմնակից է խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանը, այդուհանդերձ հիմանական մասը կողմ է ռազմական ճանապարհով խնդրի կարգավորմանը:

Մեջբերելով Մաքիավելիի խոսքը` Ռզաևն ասել է. «Քաղաքական գործիչը պետք է համադրի իր մեջ աղվեսի և առյուծի հատկանիշները:
Այն գործիչը, ով կկարողանա համատեղել այս հատկանիշները և առավել մեծ քաղաքական կամք դրսևորել, նրա հետևից էլ ժողովուրդը կգնա, և նրա օգտին էլ խնդիրը կլուծվի: Իսկ անվերջ բանակցությունների փուլը, ինչպես ասում են, մենք արդեն անցել ենք»:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ էլ` բանակցային գործընթացում որևէ առաջընթացի հասնելու համար նախ և առաջ պետք է դիպուկահարներին հեռացնել շփման գծից: Ըստ նրա` եթե բանակցություններին զուգընթաց պետք է մարդիկ սպանվեն, ապա ի՞նչ արդյունք ունեն այդ դեպքում բանակցությունները:

«Այ, ասում ենք` գիշերը բանակցություններ են ընթացել: Մենք ասում ենք` շատ լավ է, որ բանակցել են, բայց գիշերը սպանել են մեր զինվորին»,- ասել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան, երբ Վիեննայում հանդիպում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա ժամկետային զինծառայող Խաչատուր Հարությունյանը:

Նույն օրը Բաքուն էլ է հայտարարել, որ հակամարտության գոտում հայկական զինված ուժերը սպանել են իր զինծառայողներից մեկին: