
Սոցիալական ցանցերում մի շարք կոշտ դիրքորոշում ունեցող ընդդիմադիրներ արձագանքել են նախագահ Սերժ Սարգսյանի` հողեր կորցնելու հայտարարությանը, մասնավորապես նշելով, որ կատարվածն անընդունելի է, և պետք է պայքարել դրա դեմ:
Օրեր առաջ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ հայկական կողմը կորցրել է ավելի քան 700 հա տարածք:
Այս հայտարարությունից հետո շատերը սկսեցին պիտակավորել Սեֆիլյանին, ասելով անգամ, որ նա դավաճանական քայլ է արել, և իր հորինած թվերը ներկայացնում է իրականության փոխարեն:
Երեքշաբթի նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալիս օդանավում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը գրավել է անվտանգության գոտու 800 հա տարածք:
«Նախ, եթե զուտ պետք է մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետևյալը, որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ութ հարյուր հազար հեկտար ունեին՝ կորցրել են 800-ի չափ, որը մեկ հազարերորդն էլ չի կազմում: Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն»,- նշել է Սարգսյանը:
Նախագահի հայտարարությունից հետո ողջ սոցիալական ցանցը ողողվեց մեղադրական կոչերով, մասնավորապես, «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Նա առաջարկեց, որ այդ 800 հեկտարը գնան հետ վերցնեն նրանք, ովքեր խոսում են այն հետ բերելու մասին: Առաջարկությունը հետաքրքիր է: Ես կասեի՝ ռազմավարական: Հայության համար արդեն կարևոր չէ, որ ինքը ռազմավարականն ու մարտավարականը չի տարբերում, ինչի պատճառով, որպես կանոն, մարտավարում է ռազմավարությունը»,- նշել է նա:
«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում նշել է, որ երկրի նախագահն իրավունք չունի ասելու, որ այդ դիրքերը կարևորություն չունեն:
«Երկրի ղեկավարն իրավունք չունի նման բան ասելու: Եթե ինքը հայկական պետության ղեկավարն է, իր պարտականությունն է ամեն մի սանտիմետր հողի համար մեր երկրի գերիշխանությունն առաջնային համարել: Ցանկացած մարդու բերանից այդ խոսքն ընդունելի չէ, իսկ եթե դա ասում է առաջին պաշտոնը զբաղեցնող մարդը, դա հազարապատիկ անգամ ավելի անթույլատրելի և հանցավոր արտահայտություն է»,- նշել է նա: