ՀՅԴ ներկայացուցիչ. Վիեննայի հանդիպմանը հայկական կողմի ներկայացրած իրավիճակը արժանահավատ է

Photo: Photolure

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի խոսքով` տպավորությունները Սարգսյան-Ալիև հանդիպումից երկակի են:

Մանոյանը, լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնելով, ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների նախաձեռնությամբ անցկացված հանդիպման ժամանակ միջնորդները մի կողմից փորձեցին բավարարել Հայաստանի ներկայացրած նախապայմանները, մյուս կողմից` հնչեցնելով այնպիսի տեսակետներ, որոնք նաև ականջահաճո կլինեին ադրբեջանական կողմին:

«Խոսելով դիտորդական առաքելության ուժեղացման և հետախուզական մոնիթորինգի ներդրման մասին` համանախագահները նաև բարձրացրին առանց նախապես որոշակի սկզբունքների շուրջ պայմանավորվելու համապարփակ համաձայնագիր պատրաստելու մասին, ինչը Ադրբեջանին հաճոյանալու փորձ էր»,-ասաց նա:

ՀՅԴ բյուրոյի անդամը մտահոգություն հայտնեց, որ ապագայում սպասվելիք հաջորդ հանդիպմանը Հայաստանի վրա կարող է ճնշում գործադրվել նման համաձայնագիր ստորագրելու նպատակով:

Երկուշաբթի երեկոյան Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում այս տարվա ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները:

Կողմերը համաձայնել են պահպանել հրադադարի ռեժիմը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ քաղաքական երկխոսությունը շարունակելով բանակցային սեղանի շուրջը: Նախագահների հաջորդ հանդիպումը նախատեսված է հունիսին:

Խոսելով հանդիպման նախադեպի մասին` Մանոյանը նշեց, որ այն յուրահատուկ էր հատկապես համանախագահների ցուցաբերած ակտիվության առումով:

«Միշտ չէ, որ համանախագահող երկրների արտգործնախարարներ մասնակցում են նմանատիպ բանակցությունների, այդ առումով Հայաստանի մասնակցությունը արդարացված էր»,- նշեց նա:

Մանոյանի պնդմամբ` հանդիպումից հետո նախագահ Սարգսյանի մեկնաբանությունները և ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատականի համընկնումը, ինչպես նաև Ադրբեջանի լռությունը փաստում են իրավիճակի մասին հայկական կողմի ներկայացրածի արժանահավատության մասին:

Բանախոսը նաև մտահոգություն հայտնեց, որ, այնուամենայնիվ, Մինսկի խումբը անտեսում է Լեռնային Ղարաբաղին` որպես բանակցային կողմ ներգրավելու վերաբերյալ հայկական կողմի հորդորները:

«Միջնորդները կարծես չեն լսում Լեռնային Ղարաբաղի բանակցություններին մասնակցելու վերաբերյալ Հայաստանի առաջարկները և շարունակում են տանել բանակցությունները այն մոդելով, որն իրենց է ձեռնտու և մոտ է Ադրբեջանի պատկերացումներին»,- եզրափակեց նա: