Փուլայինն ընդդեմ փաթեթայինի. վերլուծաբանն ասում է` լուծման երկու տարբերակներն էլ անբարենպաստ են Ղարաբաղում հայերի համար

Photo: Photolure

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար առաջարկվող թե՛ փուլային և թե՛ փաթեթային տարբերակներն ընդունելի չեն հայ քաղաքագետի համար, ով մեծ հաշվով տարբերություն չի տեսնում դրանց միջև։

Դեռևս 1997-ին հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ղարաբաղյան հակամարտության կողմերին առաջարկվեց «ԼՂ հակամարտության կարգավորման համընդգրկուն համաձայնագրի» փաթեթային տարբերակը, իսկ արդեն դեկտեմբերին առաջ քաշվեց նաև փուլայինը։

Մայիսի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ հաշվի առնելով կողմերի միջև իրավիճակի լարվածությունը, հարկ կլինի հակամարտության լուծումն իրականացնել փուլ առ փուլ:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանն էլ նշել է, որ ղարաբաղյան կարգավորումը պետք է լինի փաթեթային՝ փուլային իրականացմամբ:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն ասում է, որ հակամարտության լուծման բոլոր առաջարկների հիմքում էլ դրված է «տարածքներ` կարգավիճակի դիմաց» սկզբունքը։

«Այսինքն` մենք հանձնում ենք նախկին ԼՂԻՄ-ի շուրջը գտնվող տարածքները, որի դիմաց ստանում ենք հնարավորություն որոշ ժամանակ անց ինքնորորոշվելու։ Իմ տեսակետով` դա լավ չէ, մինչդեռ ըստ իշխանությունների՝ լավ է։

Ստացվում է, որ վճարում ես, սակայն ապրանքը ստանալու ես անորոշ ժամանակ հետո, իսկ եթե ադրբեջանական կողմը 5-10 տարի հետո ասի` ոչ, ի՞նչ ենք անելու այդ դեպքում,- «ԱրմենիաՆաուին» ասում է Պապյանը՝ հավելելով, որ թե՛ փաթեթային և թե՛ փուլային տարբերակներում կան անորոշություններ,- փաթեթայինի դեպքում այդ ամենը միաժամանակ է տրվում, վճարեցիր ու ստանում ես ապրանքդ, մինչդեռ փուլայինում վճարում ես, հետո հաջորդ փուլում ես գնում ապրանքիդ ետևից։ Բայց քանի որ մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը պարբերաբար դրժում իր խոստումները, նրան վստահել չի կարելի»։

Ըստ Պապյանի՝ Հայաստանը կողմ է եղել փաթեթային տարբերակին, սակայն քաղաքագետը նշում է, որ, ըստ էության, այդ ամենը պայմանական է, և նույնիսկ փաթեթային կոչվածը միաժամանակ հնարավոր չէ ամբողջությամբ անել և կրկին փուլերով է լինելու։

«Ինձ համար սրանք ընդունելի չեն, քանի որ եթե նույնիսկ Ադրբեջանը հողերը ստանալուց հետո պահի իր խոստումը, ժողովուրդը քվեարկի անկախության օգտին, և Ալիևն էլ հաստատի, միևնույն է, ուզած պահին կարող է կրկին պատերազմել ու, ինչպես հիմա է ասում` կրկին ասել, թե հայերն են հարձակվում, ինքն էլ ստիպված պաշտպանվում է։ Ցավոք, մեծ ընտրություն չունենք, պետք է աշխատենք պահել այն, ինչ ունենք»։

Ըստ Պապյանի՝ առաջիկայում Հայաստանի վրա տարածքներ հանձնելու ճնշում կգործադրեն, կպնդեն, թե միջազգային հանրությունը տեր կկանգնի իր խոսքին, սակայն քաղաքագետը կարծում է, որ ոչինչ չպետք է զիջել։

«Ոչ մեկի նկատմամբ չկա հավատ` ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ միջազգային հանրության: Ադրբեջանը հիմա էլ խոսում է Զանգեզուրին և նույնիսկ Երևանին տիրելու մասին, ինչը նշանակում է, որ նա մշտապես ուզում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով»,- կարծում է Արա Պապյանը։