Չիլիի Պատգամավորների պալատի բանաձևը՝ ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Չիլիի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել ապրիլի 1-2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը:

Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է.

«Ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանի օդային և ցամաքային ուժերը լայնամասշտաբ հարձակում իրականացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանագծում` ծանր հրետանու և վերջին սերնդի հրթիռների կիրառմամբ:

Վերոնշյալ ագրեսիան 1994 թվականին կնքված զինադադարի, ինչպես նաև վեճերի խաղաղ լուծման վերաբերյալ ՄԱԿ-ի նորմերի ամենակոպիտ խախտումն է:

Բռնության այս նոր սրման կապակցությամբ, որը հանգեցրել է քաղաքացիական և զինվորական մեծ կորուստների, Պատգամավորների պալատը դատապարտում է այս ագրեսիան, կոչ անում ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղ բանակցությունների շարունակության` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Միջազգային հանրությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարում են, որ հակամարտությունը, որն արդեն ավելի քան երկու տասնամյակ շարունակվում է, պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով:

Կոչ է անում Ադրբեջանի Հանրապետությանը` վերահաստատել խաղաղության իր հանձնառությունը, անմիջապես դադարեցնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պատերազմական գործողությունները և խստորեն պահպանել 1994 թվականին կողմերի միջև ձեռք բերված զինադադարը:

Կոչ է անում Չիլիի կառավարությանը` կողմերին հորդորել հավատարիմ մնալ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ընթացող բանակցություններին և այդպիսով խուսափել տարածաշրջանում անդառնալի հետևանքների հանգեցնող պատերազմի բռնկումից»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Արցախի դեմ Ադրրբեջանի ագրեսիան դատապարտող Չիլիի Պատգամավորների պալատի բանաձևը: