Մարտահրավերն ընդունված է. Սեֆիլյանն ասում է` պատրաստ է վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը

Photo: Photolure

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ, «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ցանկացողները կարող են հետ վերադարձնել քառօրյա պատերազմի ժամանակ կորցրած հողերը, հայտարարել է, որ պատրաստ է վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալիս օդանավում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը գրավել է անվտանգության գոտու 800 հա տարածք:

«Երևանի սրճարաններում նստած քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս: Այդպիսի մարդկանց առաջարկում եմ անձամբ գնալ և վերցնել, ոչ թե ուրիշներին խորհուրդ տալ,- ավելի շատ հռետորաբանորեն հայտարարել էր Սարգսյանը: – Պետք է հասկանալ իրավիճակը և գնահատել արժեքը մետրի ու մարդու: Ինձ համար շատ ավելի կարևոր են մեր զինվորներն ու սպաները»:

Այս առաջարկին անդրադարձել է ազատամարտիկ, լիբանանահայ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, նշելով, որ պատրաստ է իր նախագահությամբ գործող՝ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ցուցակագրվող կամավորների ուժերով ստանձնելու Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը:

«Հայաստանի Հանրապետության նախագահի և այդ պարտականությունը ռազմական առումով իրականացնելուն կոչված զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնները զբաղեցնող անձը հրաժարվում է կատարել Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով խախտված Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պարտականությունը, քանի որ դա կարող է հանգեցնել զինծառայողների զոհվելուն: Ինքը` որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձ, դեմ չէ, որ յուրաքանչյուր ոք կամավոր կերպով ստանձնի Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը»,- ասվում է հայտարարությունում:

Նա կոչ է արել ՀՀ քաղաքացիներին, արտերկրաբնակ հայությանը, ինչպես նաև հայկական բանակի սպաներին, ենթասպաներին և զինվորներին՝ կամավորագրվել Արցախի տարածքային ամբողջականությունը իր հրամանատարությամբ վերականգնելու ռազմական գործողություններին մասնակցելու համար:

Իրենց Վիեննայի հանդիպմանը նախագահներ Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել պահպանելու 1994 թ. զինադադարի պայմանագիրը: Ապրիլի 2-5-ը չորս օր տևած ռազմական գործողությունների հետևանքով փոփոխված սահմանագծի մասին այս հանդիպման ընթացքում ոչինչ չի հաղորդվել: