
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները պահանջում են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, համարելով, որ Վիեննայից վերադարձին օդանավում կայացած ասուլիսում նրա արտահայտած մտքերը հավասարազոր են դավաճանության:
Այս մասին «Նոր Հայաստանի» անդամները հայտարարել են հինգշաբթի երեկոյան Ազատության հրապարակում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վիեննայից վերադառնալիս, որտեղ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և համանախագահների մասնակցությամբ հանդիպել էր Ադրբեջանի նախագահի հետ, օդանավում հայ լրագրողների հետ հարցազրույցում նա հայտարարել էր, որ Ղարաբաղում ապրիլի 2-5-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կորցրել է ընդամենը 800 հեկտար անվտանգության գոտի, այն դեպքում, երբ Ղարաբաղի անվտանգության գոտին կազմում է 800 հազար հեկտար:
«Նա հերքեց իր նախկին հայտարարությունները և ընդունեց տարածքային կորուստների իրական չափերը, որոնք համընկնում են օրեր առաջ կատարված հանրային բացահայտումներին: Մայիսի 17-ին Սերժ Սարգսյանը փաստացի պնդեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հստակ սահմաններ չունեցող տարածք է:
Նման պնդումը ոչ միայն անարգում է ԼՂՀ Սահմանադրությունը, այլև առհասարակ մերժում է ԼՂՀ-ի սուվերենության իրավունքը: Իսկ դա արդեն ոչ թե ԼՂՀ-ի անկախությունը չճանաչելու պարզ դրսևորում է, այլ շատ ավելի լուրջ հետևանքներ ունեցող հաստատում, ըստ որի ԼՂՀ-ն ընդամենը ճանաչվում է որպես անորոշ ձև ու բովանդակություն ունեցող և սուվերենության անարժան քաղաքական միավոր»,-նշվում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի տարածած հայտարարությունում:
«Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Գարեգին Չուքասզյանը իր ելույթի ընթացքում նշել է, որ 1994 թվականի զինադադարով հաստատված դիրքերը վերականգնելուց հրաժարվելով` Սերժ Սարգսյանը հրաժարվում է նաև Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորի պարտականություններից:
«Փորձելով քողարկել արտաքին քաղաքականության բնագավառում և անվտանգության ապահովման ոլորտում առկա համակարգային տապալումը՝ Սերժ Սարգսյանը որդեգրել է ակնհայտ պարտվողական գործելաոճ և փաստացի օգնում է թշնամի պետության գործողություններին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության»,- ասել է Չուքասզյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքերը պաշտոնական Արցախը պետք է անպայման մեկնաբանի:
«Կարծում եմ, որ եթե դրանք Սահմանադրությամբ ԼՂՀ-ի պատկան հողեր չեն, այլ ընդամենը անվտանգության գոտի, նշանակում է այդ անվտանգության գոտին էությամբ ոչ պատկան հողեր են իրենից ենթադրում: Ուստիև, պաշտոնական Արցախի մեկնաբանությունն այս պարագայում ակնհայտ է, որ անհրաժեշտ է»,- ասել է Մարտիրոսյանը:
Մայիսի 17-ի մամուլի ասուլիսում նախագահ Սարգսյանն առաջարկել էր իրեն քննադատողներին, ովքեր Երևանի սրճարաններում նստած քարտեզներ են գծում, ուղիներ ցույց տալիս, անձամբ գնալ և վերցնել ազատագրված տարածքները, ոչ թե ուրիշներին խորհուրդ տալ:
Մարտիրոսյանի դիտարկմամբ` երկրի նախագահը, ով նաև գերագույն գլխավոր հրամանատարն է, իրավունք չունի նման հայտարարություններ անելու:
«Ասում է՝ թող գնան իրենք: Չի ասում՝ ես գերագույն գլխավոր հրամանատարն եմ, ես արգելում եմ ինքնակամ գործողություններ անել, ինքնիրավչություն անել, սեփական նախաձեռնությամբ, առանց հաշվարկելու, փորձել ինչ-որ դիրքեր գրավել, հողեր ազատագրել: Ինչը նշանակում է, որ նա ըստ էության այդ լիազորությունները իր վրայից վայր է դնում»,- ասել է Մարտիրոսյանը:
Մինչդեռ իշխանության ներկայացուցիչները տեղին չեն համարում քննադատությունը, պնդելով, որ ռազմական գործողությունների ընթացքում կորցրած տարածքների մասին ապրիլի սկզբին և մի քանի օր առաջ նախագահի արված գնահատականներում հակասություններ չկան: Ինչպես Սարգսյանը, այնպես էլ իր կուսակիցները պնդում են, որ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքները որևէ ռազմավարական և մարտավարական նշանակությունը չունեն, և հայկական ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը: