Լարվածություն տարածքների շուրջ. պաշտպանության նախարարն ասում է` կորցրած դիրքերի հարցը կքննարկվի բանակցությունների ընթացքում

Photo: Photolure

Ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տարածքները ամրագրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում և բանակցային գործընթացում դրանց համապատասխան ընթացք կտրվի՝ կարծում է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Անցյալ շաբաթ հանրության շրջանում մեծ աղմուկ էր բարձրացրել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն հայտարարությունը, որ կորցրած տարածքները ամայի և չմշակվող էին:

«Ինձ թվում է, դրան պետք չի այդպիսի մեծ նշանակություն տալ: Եթե անհրաժեշտություն լինի, ես բացահայտ հայտարարում եմ՝ այդ ամեն ինչը հետ վերադարձնելը 1-2 օրվա խնդիր էր, բայց դրա հետևանքները շատ ծանր կարող էին լինել: Եվ այդ հողը, որի մասին խոսում ենք, ռազմավարական նշանակություն չունեցող հող էր՝ չմշակվող և ամայի տարածքներ: Պետք չի ծանրանալ այդ խնդրի վրա»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը գրավել է անվտանգության գոտու 800 հա տարածք, միևնույն ժամանակ նշելով, որ կորցրած տարածքները ռազմավարական և մարտավարական նշանակություն չունեին:

Այս հայտարարությունները հարուցել էին կոշտ դիրքորոշում ունեցող ընդդիմադիրների զայրույթը, մասնավորապես «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ, «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ցանկացողները կարող են հետ վերադարձնել քառօրյա պատերազմի ժամանակ կորցրած հողերը, հայտարարել էր, որ պատրաստ է վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը:

«Մարտական գործողությունների ժամանակ լինում է զորքերի տեղաշարժ: Պաշտպանության բանակի ողջ անձնակազմն իր առջև դրված խնդիրը կատարել է: Թաքցնելու բան չկա, եղել է զորքերի որոշակի տեղաշարժ, որն այսօր գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,- երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց Օհանյանը:

Հարցին, թե արդյոք պե՞տք է մոռանալ այդ տարածքների մասին, Օհանյանը նկատեց, որ բոլոր պատմական տարածքների նման, սա ևս մոռանալ չի կարելի:

«Ինչպես մենք չենք մոռանում մեր բոլոր պատմական տարածքները, այդպես էլ այդ տարածքները չենք կարող մոռանալ, և դրա համար էլ ստեղծում ենք այնպիսի դիրքային պաշտպանություն, որի վերահսկողությունը՝ ազդեցության առումով, նախաձեռնության առումով, կրակային խոցման առումով, պաշտպանության բանակի անձնակազմի ներքո լինի»,- եզրափակեց նա: