Հայաստանի արտգործնախարար. Բաքուն փորձում է կասկածի տակ դնել Վիեննայի հանդիպման արդյունքները

Photo: www.mfa.am

Հայաստանը մեղադրել է Ադրբեջանին, որը փորձում է կասկածի տակ դնել միջազգային միջնորդների նախաձեռնությամբ կայացած երկու երկրների ղեկավարների վերջին հանդիպման արդյունքները, որի ընթացքում ձեռք են բերվել ղարաբաղյան հակամարտության գոտում անվտանգության ապահովման մի շարք միջոցառումների համաձայնություններ:

Երկուշաբթի Բրյուսելում ելույթ ունենալով Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպմանը` Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, անդրադարձել է մայիսի 16-ի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վիեննայում կայացած հանդիպմանը, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ:

Դա Հարավային Կովկասի երկու առաջնորդների առաջին հանդիպումն էր ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում երկու կողմերից մի քանի տասնյակ զինծառայողների, ինչպես նաև խաղաղ բնակիչների կյանք խլած կարճատև ռազմական գործողություններից հետո:

Իր ելույթում, որի տեքստը տարածել է արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, Էդվարդ Նալբանդյանը Ավստրիայի մայրաքաղաքում կայացած հանդիպումը որակել է որպես «արդյունավետ՝ հստակ համաձայնություններով և հանձնառություններով, ներառյալ՝ 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ իրականացումը, հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը»:

«Ցավոք, հանդիպումից ընդամենը օրեր անց ադրբեջանական պաշտոնյաները դրա արդյունքը կասկածի տակ դնող ապարդյուն փորձեր են կատարում` ներկայացնելով իրենց սեփական խեղաթյուրված մեկնաբանությունները, որոնք հակասում են հանդիպման արդյունքների վերաբերյալ համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված համատեղ հայտարարությանը: Բաքուն շինծու մեղադրանքներով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ադրբեջանական զինուժի կողմից գործած հանցագործություններից, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների աղաղակող փաստերից»,- ասել է Նալբանդյանը:

«Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին անելու է առավելագույնը` կյանքի կոչելու Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները և շարունակելու ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը»,- ասել է Հայաստանի բարձրաստիճան դիվանագետը:

Բրյուսելում հանդիպմանը, որը վարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները և ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը: