
Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևմտյան գյուղի տների դարպասը ծեծողների առաջ դուռը միայն զինվորականներն են բացելու հիմա: Թալիշ գյուղում այլևս ոչ ոք չի բնակվում: Որևէ հույս էլ այս պահին չկա, որ գալիք ամիս կամ կես տարի անց գյուղի 125 տնտեսության 500 բնակիչներից գոնե ոմանք կվերադառնան:
Թալիշը ադրբեջանական կրակի ուղիղ նշանառության տակ է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մատնանշած` ապրիլի սկզբի քառօրյա պատերազմում հայկական կողմի կորցրած 800 հեկտարը ներառում է նաև այն բարձունքը, որը 1000 մետր է հեռու գյուղի դպրոցից ու զինվորականների ընտանիքների համար վերջերս կառուցած տներից:
Լեռնային Ղարաբաղում վստահ չեն` արդյոք արժի՞ վերականգնել Թալիշն ու մարդկանց վերադարձնել իրենց տները: «100 տարվա գյուղի ճակատագիրն անորոշ է, լավ չի լինի, եթե պարզվի, որ ապրիլի 2-ը գյուղի պատմության վերջին օրն էր»,- ասում է Թալիշի բնակիչ 43-ամյա Սոս Պետրոսյանը:
Նա գյուղ է եկել Հայաստանից, որտեղ կնոջ մոր տուն է տարել երեք տղաներին ու կնոջը: 11 տարվա զինվորական ծառայությունից հետո վիրավորված Պետրոսյանն այնուհետ 6 տարի մաթեմատիկայի ու ֆիզիկայի ուսուցիչ է աշխատել Թալիշի դպրոցում: Գիտի` որ տունն ումն է, համագյուղացիներից յուրաքանչյուրի` ադրբեջանցիների հրետակոծությունից ավերված տուն մտնելիս ու տանտիրոջ անունն արտասանելիս` ցավի ու ափսոսանքի խոր հոգոց է հանում, որի արձագանքը կարծեք տարածվում է օդում ու մնում տաքությունից հեղձկացած օդում:

«Թալիշը վերականգնելը ծովի մի կաթիլի չափ գործ ա ընդամենը, եթե ուզեն իշխանությունները, որոշեն, անվտանգությունն ապահովեն սահմանին ու հայտարարեն, որ վերականգնում են գյուղը, գումար էլ կլինի, վերականգնող էլ»,- ասում է Պետրոսյանը:
«Բայց ոչ մեկի ոչ մի պետքը չի, թե էս ժողովրդի վիճակը ինչ կլինի»,- հավելում է նա:
Արցախցիներին, սակայն, ոչ միայն Թալիշը չվերականգնելու մասին խոսակցություններն են զայրացնում, այլև նախագահ Սարգսյանի` Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմակերպած հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցը, որում նախագահը կորցված 800 հեկտարը անվտանգության գոտի էր անվանել, տարածքներ, որոնք ռազմավարական և մարտավարական նշանակություն չունեին: Մարդիկ բարկացած են, քանի որ անվտանգության գոտու, ամայի, անմշակ հողերի համար 100-ից ավելի մարդու զոհվելը արդարացված չեն համարում ու պահանջում են նման գնահատականներ չտալ:
Հայաստանյան առաջին արձագանքը ղարաբաղյան դժգոհություններին երկուշաբթի հնչեցրել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հայտարարելով, որ այդ տարածքներն ամրագրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ:
«Կարծում եմ, որ բանակցային գործընթացում համապատասխան ընթացք կտրվի, որը որ կվերաբերի նաև այդ տարածքներին: Ինչպես մենք չենք մոռանում մեր բոլոր պատմական տարածքները, այդպես էլ այդ տարածքները չենք կարող մոռանալ»,- ասել է Օհանյանը:
Նախարարը, սակայն, ի տարբերություն նախագահի ու Հանրապետական կուսակցության մյուս ներկայացուցիչների` այս անգամ չի նշել, որ այդ տարածքները ռազմավարական կարևոր նշանակություն չեն ունեցել:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի գնահատմամբ` կորցրած տարածքները իսկապես կարևոր են:
«Հիմա ուզում եմ հարց տալ մեր պաշտպանության նախարարությանը` եթե նորից Ադրբեջանը սկսի ռազմական գործողություններ, ավելի հեշտ չի՞ շարժվել առաջ, քանի որ Լելե Թեփեն նրա ձեռքում է»,- երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասել է Շիրինյանը։
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնած «Համախմբում» կուսակցության համար անընդունելի է այն հանգամանքը, որ նախագահ Սերժ Սարգսյանը տարածքների ու մարդկային կյանքի երկընտրանքի միջոցով է միայն ներկայացնում կորցրած տարածքների հարցի լուծումը:
«Սա շատ վատ ազդակ է մեր ժողովրդին, մեր բանակին, միջնորդներին և հատկապես մեր հակառակորդին»,- տարածված հայտարարությամբ ասել է քաղաքական ուժը։
Մինչդեռ տուն ուզում են վերադառնալ բոլոր թալիշցիները, միակ պահանջը անվտանգության երաշխիքներն են:
«Ես շատ կուզեի վերադառնալ, բայց միայն եթե վերջնական երաշխիքներ լինեն, հակառակ դեպքում ամեն ինչ հնարավոր է: Ով կպատկերացներ, որ 20 տարի հետո նորից հարձակում կլինի, էն էլ ինչ հարձակում: Անձրևի նման երկնքից հրետակոծում էին»,- ասում է 28-ամյա Մարինե Սահակյանը: