Լուսանկարչական սարքի միջոցով. Օբամայի լուսանկարիչն օգնում է ղարաբաղցի պատանիների լուսանկարների ցուցադրությանը

Courtesy Photo: TUMO Center for Creative Technologies

Մայիսի 23-ի երեկոյան Ստեփանակերտում 16 պատանիների ստեղծած լուսանկարների ցուցադրությունը Լեռնային Ղարաբաղում պատերազմական դրությանը զուգահեռ ընթացող կյանքի բնականոն շարունակության համապարփակ ներկայացում էր:

Արցախի բնությունը, երեխաները` դպրոցում կամ երգի, պարի ու ֆիզկուլտուրայի դասերին. երկրի առօրյան պատանիները նկարել են 9 օրում` մայիսի 12-21-ը, այդ թվում` երկու օր հատկացնելով հատուկ ճամփորդություններին` Գանձասար եկեղեցական համալիր ու «Հալո թրասթ» ընկերության աշխատավայր: Հենց այս կազմակերպության ու Ստեփանակերտի ԹՈՒՄՈ կենտրոնի համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ աշխարհահռչակ լուսանկարիչ, ԱՄՆ-ի Բարաք Օբամայի հայտնի լուսանկարների հեղինակ Սքաութ Թուֆանքջյանի հետ դասընթաց կազմակերպել:

Թուֆանքջյանը Արցախում է 7-րդ անգամ, առաջին անգամ է աշխատում պատանիների հետ: «Հալո թրասթի» հետ նա սկսել է համագործակցել այս տարվա մարտից ու հենց այդ ժամանակ էլ առաջարկել է նրանց շարունակել իր նկարների միջոցով պատմել` ինչպես է կազմակերպությունն ականազերծում Լեռնային Ղարաբաղի ականապատ տարածքները, որոնք վտանգավոր են քաղաքացիական բնակիչների համար:

Courtesy Photo: TUMO Center for Creative Technologies
Courtesy Photo: TUMO Center for Creative Technologies

«Ես դասավանդել եմ Երևանի ԹՈՒՄՈ-ում և շատ ուրախ էի, երբ նրանք կենտրոն բացեցին նաև Ստեփանակերտում, քանի որ այս երկուսը իմ ամենասիրածն են` Ղարաբաղն ու ԹՈՒՄՈ-ն: Դեռ մարտին «Հալո»-ում ասում էին, որ ուզում են համագործակցել ԹՈՒՄՈ-ի հետ` ահա և արդյունքը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է լուսանկարիչը Ստեփանակերտում դասընթացի մասնակիցների գործերի ներկայացումից հետո:

«Ղարաբաղն աշխարհի ամենագեղեցիկ վայրն է: Ամեն ինչ ապշեցնող է: Ես ավելի քան 20 բնակավայրերում եմ եղել, որտեղ հայեր են ապրում, բայց Ղարաբաղն իսկապես հատուկ տեղ է: Արմատներով մուսալեռցի եմ, գուցե դրանից է, որ լեռներում ինձ շատ լավ եմ զգում: Ես կարծես տանը լինեմ, ինչը չափազանց կարևոր է ինձ համար»,- հավելեց Թուֆանքջյանը:

Ցուցադրությանը պատանիներից յուրաքանչյուրn ինքն էր ներկայացնում` ինչ է ուզել պատմել իր նկարների միջոցով, ինչու և ինչպես է դա արել լուսանկարչության լեզվով:

Courtesy Photo: TUMO Center for Creative Technologies
Courtesy Photo: TUMO Center for Creative Technologies

Անի Ավանեսյանն աշխատել էր Ստեփանակերտի մանկապատանեկան կենտրոնում`լուսանկարների լեզվով պատմելով` ինչով են զբաղվում արցախցի երեխաները: Ասպրամ Մայիլյանի գործերն ասում էին` չնայած պատերազմին` կյանքը շարունակվում է: Ըստ Թուֆանքջյանի` թեպետ երեխաները գրեթե նույն բանն էին նկարել կամ իրար մոտ թեմաներ ընտրել, նրանցից յուրաքանչյուրն իրեն հատուկ ձևով էր տեսել ու վերարտադրել իրականությունը:

«Առաջ ինչ կիմանայինք, անչափ հետաքրքիր էր, ու ավելի հետաքրքիր էր, երբ որ մասնակցեցանք, ու մեր հարցերուն բոլոր պատասխանները ստացանք»,- լուսանկարների ցուցադրությունից հետո ասում է Սիրիայում հակամարտության պատճառով ընտանիքի հետ մի քանի տարի առաջ Լեռնային Ղարաբաղ տեղափոխված Լևոն Ասմարյանը:

Ստեփանակերտի ԹՈՒՄՈ-ն, որ գործում է նաև ՀԲԸՄ աջակցությամբ, պաշտոնապես իր դռներն է բացել 2015-ի սեպտեմբերի 2-ին` Լեռնային Ղարաբաղի անկախության օրը: Մեկ ամսում նրանք գրանցել էին իրենց մոտ ուսանել ցանկացող 12-18 տարեկան 600 պատանի, այսօր նրանց թիվը արդեն 1000-ից անց է: Նրանք հիմնականում Ստեփանակերտից են, ԹՈՒՄՈ հաճախում նաև Ասկերանի և Շուշիի, անգամ Մարտակերտի ու Մարտունու շրջանների երեխաներ:

Արտադպրոցական այս յուրահատուկ կենտրոնում ուսանում են անիմացիա, ֆիլմերի ստեղծում, խաղերի ստեղծում, կայքերի մշակում: 9 հմտությունների` ծրագրավորում, նկարչություն, երաժշտություն, ռոբոտաշինություն, լուսանկարչություն և այլն տիրապետելով` երեխաները կարողանում են ավելի խորանալ ուղղություններից մեկում:

Courtesy Photo: TUMO Center for Creative Technologies

Ուսուցման 3 ձևաչափ ունեն. մեկը վարժանքներն են, որոնց ժամանակ երեխաները ինքնուրույն, առանց որևէ օգնության են հմտանում են ինչ-որ գործում` լինի ծրագրավորում կամ նկարչություն: Վարժանքները լինում են շաբաթական մեկ անգամ` երկու ժամով: Երբ երեխաները հաղթահարում են վարժանքների որոշակի քանակ, կարող են անցնել երկրորդ ձևաչափին` դասընթացների: Դասընթացները, որոնք երեք մակարդակ ունեն, վարում են Երևանից ժամանած դասընթացավարները:

Աշխատարանները երրորդ ձևաչափն են, որոնք վարում են օտարերկրյա մասնագետները, դրանք ամենօրյա լարված գրաֆիկով են տեղի ունենում: Ստեփանակերտի ԹՈՒՄՈ-ում արդեն 20 դասընթաց ու 3 աշխատարան է տեղի ունեցել, որից վերջինը Սքաութ Թուֆանքջյանինն էր:

«Ես անչափ կարևորում եմ Ստեփանակերտի Թումոն, ինքս Փարիզում ծնված լինելով, աշխատանք ունենալով հանդերձ ամեն ինչ ձգել-եկել եմ այստեղ: Մանավանդ այս տարածաշրջանում երեխաներին մի քանի սկզբունքներ ենք փորձում փոխանցել` ինքնուսուցում, խմբային աշխատանք: Մենք փորձում ենք նրանց մտահորիզոնը բացել»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Ստեփանակերտի ԹՈՒՄՈ-ի ղեկավար Կորյուն Խաչատրյանը:

«Արցախը մի քիչ մեկուսացված տեսնելով` շատ եմ կարևորում, որ երեխաները իմանան` աշխարհում ինչեր են տեղի ունենում, իմանան` ինչ մասնագիտություններ կան, հետապնդեն իրենց սիրածը, սկզբունքների մեջ նաև խորանան և երազեն: Ես միշտ այդպես եմ նոր գրանցվողներին ասում` եկել եք այստեղ, որ երազեք ու չհետևեք ստանդարտ, որոշված, նախապաշարված ուղիներին»,- հավելեց նա:

Թուֆանքջյանի հետ համագործակցությունը երեխաների մտահորիզոնը արդեն բացել է, բայց ամենակարևոր առաջին ձեռքբերումը նրանց համար կլինի, եթե նրանց նկարներից մի քանիսը ընտրվեն հայտնի լուսանկարչի ցուցահանդեսի մաս ու ցուցադրվեն ԱՄՆ-ում և Եվրոպայում: