Հայերի կողքին. Հայաստանի եզդիները վերահաստատել են հավատարմությունը հայրենիքի պաշտպանությանը

Photo: Photolure

Հայաստանի խոշոր ազգային փոքրամասնության` եզդիների առաջատար ներկայացուցիչները կարևորել են իրենց ժողովրդի հավատարմությունը Հայաստանի Հանրապետությանը` խոսելով անցյալ ամիս Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դեմ կարճատև պատերազմի ընթացքում հայ ժողովրդի պաշտպանությանը իրենց բերած ավանդի մասին:

Եզդիները համարվում են 3 միլիոնանոց միատարր Հայաստանում ամենամեծ ազգային և կրոնական փոքրամասնությունը, նրանց թիվը կազմում է 35 հազարից մի փոքր ավելի:

Նրանց մեծ մասը անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում բռնությունների և տեղահանությունների ընթացքում Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող Հայաստան տեղափոխված փախստականների ժառանգներն են:

Հիմնականում հավատարիմ իշխող վարչակարգին` եզդիները Հայաստանում, ըստ համընդհանուր ճանաչման, վայելում են կրոնի և իրենց մշակութային ավանդույթներին չմիջամտելու ազատությունը` միևնույն ժամանակ լինելով սերտ ինտեգրված հայ հասարակությանը: Նրանք հիմնականում կոմպակտ բնակվում են Հայաստանի կենտրոնում գտնվող Արագածոտնի մարզի շուրջ երկու տասնյակ, ինչպես նաև Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք գյուղերում:

Եզդի երկրապահ, հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանն ասել է, որ ապրիլի 2-ից առաջնագծում ավելի քան հինգ տասնյակ եզդիներ են ներգրավված Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման մարտերում:

Qyaram_SloyanՔառօրյա թեժ բախումների ընթացքում զոհված շուրջ հարյուր զինծառայողների մեջ հինգը ազգությամբ եզդի են: Նրանցից մեկը` Քյարամ Սլոյանը, չենթարկվելով իր ջոկատի մյուս զինվորների հետ նահանջելու հրամանատարի հրամանին, մնաց նրա կողքին` հետ մղելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի հարձակումը: Ադրբեջանցի զինվորականները Սլոյանին գլխատելով` կտրված գլխով շրջել էին ադրբեջանական գյուղերում Հայաստանում հանրային բողոքի ֆոնին: Նա հետմահու պարգևատրվեց ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալով: Հայաստանի Արագածոտնի մարզի հայրենի Արտաշավան գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվել է Սլոյանի անունով:

«Մենք սգում ենք մեր զոհված 5 զինվորների համար… Թե՛ հայ, թե՛ եզդի զինվորների թափած արյան համար պարտավոր ենք թշնամուց վերցնել հազար կյանք»,- ասել է Հասանյանը:

Աշխարհի և Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը նշել է, որ իրենց մարդիկ այսօր չեն կարող անտարբեր մնալ ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ: Նրա կարծիքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից զինադադարի պայմանագիրը խախտելու և Ղարաբաղում ռազմական գործողություններ սանձազերծելու համար:

«Բոլորիս էլ պարզ է, որ Ղարաբաղը պատմականորեն պատկանում է հայ ժողովրդին: Ալիևը այս հարձակումներով չի կարող հասնել ինչ-որ բանի, բացի մարդկանց վնաս տալուց»,- եզրափակել է Թամոյանը:
Համահեղինակ` Ալինա Նիկողոսյան