Եկ Արցախ. հայերին հորդորում են աջակցել Ղարաբաղին` արձակուրդներն այնտեղ անցկացնելով

Photo: Via facebook

Հազարավոր մարդիկ են մեկ օրում տարածել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների` արձակուրդներն Արցախում անցկացնելու կոչը` փորձելով խթանել ապրիլի սկզբի քառօրյա պատերազմից հետո խիստ նվազած զբոսաշրջիկների հոսքն ու նպաստել տնտեսության զարգացմանը:

Զբոսաշրջիկների ներհոսքը, ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի, ողջ հայության բարոյական ու նյութական աջակցությունը կլինի Արցախին` հատկապես ադրբեջանական ագրեսիայից հետո:

Naira Israyelyan's photo
Naira Israyelyan’s photo

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Բեգլարյանը մայիսի 25-ին` չորեքշաբթի, կոչ է արել բոլոր նրանց, ովքեր եղել են Արցախում, #ԵկԱրցախ հեշթեգով տեսանյութ կամ նկար տարածել իրենց այցելած որևէ տեսարժան վայրից կամ որևէ խորհրդանիշի հետ: Վարչապետի մամուլի խոսնակը ֆլեշմոբը սկսել է` տարածելով աշխարհահռչակ հայազգի չեմպիոն բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի տեսաուղերձը Ղարաբաղից` արձակուրդներն այնտեղ անցկացնելու կոչով:

«Ժողովուրդ ջան, վերցրեք ձեր ընտանիքները, եկեք Արցախ, տեսեք` ինչ լավ տեղ է: Լավ հյուրանոցներ կան, լավ բնակավայր է, լավ օդ է, եկեք ու վայելեք»,- ասել է Դարչինյանը:

Հակամարտության աննախադեպ սրացումից հետո ԼՂՀ զբոսաշրջիկների այցելությունների պակասելը զգացել է զբոսաշրջավար ու ձեռներեց Նաիրա Իսրայելյանը:

Naira Israyelyan's photo
Naira Israyelyan’s photo

«Ես շատ եմ ջղայնանում, որ խուճապ են տարածում: Այստեղ մարդիկ միշտ խաղաղ են: Ես շատ եմ նեղվում, քանի որ չեմ հասկանում` ինչի՞ չեն գալիս: Հոսքը լրիվ դադարել է, անցյալ տարի մայիս ամսին ես ազատ օր չունեի, հիմա շատ քիչ են գալիս, բայց այցելողներից յուրաքանչյուրը տեսնում է, որ այստեղ ամեն ինչ կարգին է,- «ԱրմենիաՆաուին» ասում է 29-ամյա Իսրայելյանը: – 2012-ին, երբ առաջին անգամ եկա Արցախ, շրջեցի սարերով, ձորերով ու հասկացա, որ ես պետք է այստեղ ապրեմ»:

Մասնագիտությամբ դիվանագետ, գրասենյակային աշխատող Իսրայելյանի կյանքը այդ այցելությունից հետո փոխվել է, ավելի հաճախ դարձած այցելությունների արանքում զբոսաշրջիկներին ուղեկցելու առաջարկ է ստացել զբոսաշրջային մի ընկերությունից ու առաջին իսկ փորձից հետո մոռացել գրասենյակի գործի մասին:

«Այդ ընկերության հետ երթուղի մշակեցինք, ու սկսեցի միայն այդ գործով զբաղվել: Մեր երթուղիները մեծ հետաքրքրություն էին առաջացնում հատկապես հայաստանաբնակների շրջանում: Ամռանը խմբում առնվազն 20 մարդ էր լինում, միջինը` 35-40»,- պատմում է նա:

«Իմ հիմնական նպատակն այն է, որ շատ մարդիկ գան Լեռնային Ղարաբաղ: Ես խաղաղություն եմ գտել այս պատերազմող երկրում: Լարվածության օրերին ես անընդհատ գալիս-գնում էի: Երբ Երևանում էի, շատ լարված էի լինում, հենց գալիս էի այստեղ, արդեն հանգիստ էի լինում: Այս օրերին գիտեմ` ես այստեղ եմ, ուրեմն` ապահով եմ»,- ասում է Իսրայելյանը:

Նրա ոգևորությունն ու Արցախը ավելի շատ մարդու համար հետաքրքիր ու հարմար դարձնելու ձգտումը առարկայացել են, երբ նա 2014-ին Արցախում առաջին հոսթելն է հիմնել, որ գործել է զբոսաշրջության ողջ սեզոնին, 2015-ին դասական հոսթելը վերածվել է ռետրո հոսթելի:

Անցյալ տարի Իսրայելյանը հանդիպել է հորդանանահայ պարոն Կարոյին, որը «Դեպի Հայք» ծրագրով Հայաստան էր եկել, իսկ Արցախ այցելությունից հետո որոշել էր հաստատվել այստեղ: Նրանք միասին Ստեփանակերտի կենտրոնում «Մուկլիմանդիլ» փաբն են բացել, որ նշանակում է սարդոստայն` գինի ու սուրճ սիրողների համար:

Արցախ գնալ ցանկացողների ու մյուսներին Արցախ հրավիրողների պակաս չկա: Ֆլեշմոբին միացել են շատերը` քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, գիտնականներ, շարքային քաղաքացիներ:

«Արցախի տնտեսությունը պատերազմից մեծ վնասներ է կրել, գումարած ամբողջ միջոցները դրել է անվտանգության ամրապնդմանը, տղամարդկանց մեծ մասն էլ արդեն երկրորդ ամիսն է` առաջնագծում է»,- գրել է «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

«Եվ այդ վնասները վերականգնելու համար ողջ հայությունը պետք է մասնակից դառնա։ Ամենալավ ճանապարհն արձակուրդներն Արցախում անցկացնելն է, նաև գյուղերում կարող եք ինչ-որ աշխատանքներ կատարել»: