ԼՂՀ ՊՆ. դեռևս չպարզված հանգամանքներում հայ զինվոր է սպանվել

Photo: Photolure

Մայիսի 25-ին` ժամը 18.20-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վահե Արգամի Եղոյանը:

Այս մասին հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` հավելելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ըստ ԼՂՀ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության` մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է խախտել նախորդ գիշեր և մինչև կեսօր պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մինչդեռ, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության` մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ:

«ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները», – ասված է հաղորդագրության մեջ: