Պաշտպանելով պաշտպաններին. փոփոխված Աշխատանքային օրենսգիրքը կամավորներին տալիս է աշխատատեղը պահպանելու երաշխիքներ

Photo: Photolure

Այս շաբաթ խորհրդարանն ընդունել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով այսուհետ կկարգավորվեն Լեռնային Ղարաբաղի առաջնագիծ մեկնած կամավորների աշխատանքային հարցերը:

Օրենքում փոփոխությունները պայմանավորված են 2016 թ. ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց` կամավորական համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ:

Համաձայն օրենսգրքում փոփոխությունների` այսուհետ պահպանվելու են այն կամավորների աշխատատեղերը, ովքեր մեկնել են հայրենիքի պաշտպանության: Օրինագիծը գործատուներին պարտադրելու է պահպանել նրանց աշխատանքը: Գործատուի և աշխատակցի փոխադարձ համաձայնությամբ նրան կշարունակեն աշխատավարձ վճարել:

Օրենսդրական փոփոխությունների հեղինակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ օրենքով նախատեսվում է Աշխատանքային օրենսգրքում կամավորականների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ՝ աշխատատեղերի պահպանում և վարձատրության կազմակերպում կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածում:

Նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշել է. օրենքը բազմաթիվ բացթողումներ ունի։ Նրա դիտարկմամբ` օրենքի երկրորդ կետում, որտեղ նշված է, որ վարձատրության սկզբունքը որոշվում է կողմերի համաձայնությամբ, սակայն պարզ չէ, թե ի՞նչ է լինում, եթե կողմերը չեն համաձայնում:

Նախարար Ասատրյանը պարզաբանելով, նշել է, որ կողմերի համաձայնությունը վերաբերում է բացառապես աշխատանքի վարձատրությանը:

«Հնարավոր է, որ գործատուն մի աշխատող ունի, և նա որպես կամավորական է մեկնել, և պարտադրել այդ գործատուին, որ աշխատանքի վարձատրությունը պահպանի այդ ժամանակահատվածում, դա կարող է անհամաչափ բեռ ավելացնել գործատուի համար: Դրա համար ամրագրված է՝ կողմերի համաձայնությամբ, և պետք է կոլեկտիվ պայմանագրով որոշվի, ինչը նշանակում է, որ, առաջին հերթին, գործատուն համաձայնում է, որ կպահպանի վարձատրությունը»,- ասել է նախարարը։

ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտարարել է, որ նախագծի իմաստը իրականում չկա, քանի որ Արցախ մեկնած բոլոր կամավորների աշխատանքային իրավունքները պահպանվել են, ու գործատուները դեռ մի բան էլ ավելի են նրանց վճարել վերադարձից հետո:

Մինչդեռ, հիշեցնենք, որ օրեր առաջ կամավորական հիմունքներով սահմանում գտնվող հետախուզական դասակի հրամանատար, հայտնի ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը PanArmenian.net կայքին տեղեկացրել էր, որ սահման մեկնած կամավորներից շատերը հեռացվել են աշխատանքից:

«Իմ դասակից միայն նման խնդրի բախվել է 7-8 հոգի: Բայց հարցը ԶԼՄ-ների հրապարակումներից հետո դրական է լուծվել. մի մասին հետ են վերցրել գործատուները՝ վախենալով աղմուկից, մյուս մասի խնդիրները լուծվել են նախագահի մակարդակով»,- ասել է ռադիոհաղորդավարը:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ, անդրադառնալով կամավորականների ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքներին, առաջարկել է կամավորականի զոհվելու դեպքում նրա աշխատավարձը պահպանել, եթե նա ունի անչափահաս երեխաներ:

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը հետաքրքրվել է, թե արդյոք օրենքը վերաբերելու է միայն պետակա՞ն հիմնարկներում աշխատողներին. «Իսկ եթե անհատ ձեռներեցներ են, և հարկայինը պահանջում է, որ հարկային վճար անեն, չնայած չեն աշխատել, ի՞նչ է լինելու այս դեպքում, ո՞ր մարմինն է միջամտելու»:

Ի պատասխան Արտեմ Ասատրյանը վստահեցրել է, որ առաջարկվող փոփոխությունները վերաբերելու են և ՛պետական, և՛ ոչ պետական հիմնարկներում աշխատողներին: