Նալբանդյան. Ղարաբաղի վերաբերյալ դեռ որևէ փաստաթուղթ չկա

Edward Nalbandian / Photo: Photolure

Մայիսի 26-ին, ելույթ ունենալով խորհրդարանում, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է մայիսի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների որոշ մանրամասներ: Նախարարը հաստատել է, որ Ադրբեջանը չի միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:

Վիեննայում հանդիպումից հետո ընդունվել էր ամփոփիչ հռչակագիր, որում խոսվում է ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության սարքեր տեղադրելու, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորություններն ընդլայնելու պայմանավորվածության մասին:

«Կողմերը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի, ԱՄՆ-ի պետքարտուղարի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի ներկայությամբ պայմանավորվել են այն, ինչ ներկայացվել է եռանախագահող երկրների հայտարարության մեջ: Կարող էր այն լինել հնգակողմ` ներառելով Հայաստանի Հանրապետությանն ու Ադրբեջանին, բայց, այո՛, Ադրբեջանը հրաժարվեց ﬕանալ այդ հայտարարությանը, դա դարձավ եռակողմ հայտարարություն»,- ասել է Նալբանդյանը:

Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո Բաքվում հայտարարեցին, որ ոչինչ չեն ստորագրել: Փաստորեն, Նալբանդյանը հաստատեց դա` հայտարարելով, որ ամփոփիչ հայտարարությունը չի ստորագրել նաև Հայաստանը: Ինչո՞ւ Երևանը չի միացել հայտարարությանը: Արդյոք դա պայմանավորված էր ձևաչափո՞վ, թե՞ Երևանն էլ փաստաթղթի նկատմամբ պահանջներ ուներ և չի ցանկացել դրան միանալ: Այս հարցին նախարար Նալբանդյանը պատասխան չի տվել:

Նա, ճիշտ է, նկատեց, որ հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախատեսված հանդիպմանը փաստաթղթեր չեն ստորագրվի: «Որևէ ստորագրության մասին ոչ միայն վաղաժամ է խոսելը, այլև անիմաստ: Որևէ փաստաթուղթ չկա, որ ստորագրվի»,- ասել է նախարարը:

Բանակցային գործընթացը վերսկսելու համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ` ասել է նախարարը: «Եթե ստեղծվի մոնիթորինգի մեխանիզմների ներդրման հնարավորություն, և ընդլայնվեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները, այսինքն`բացառվեն այնպիսի զարգացումները, որ եղան ապրիլի սկզբին, ապա հնարավորություններ կան վերսկսելու այդ բանակցությունները»,- ասել է Նալբանդյանը:

Այն մասին, որ հունիսյան հանդիպումը հնարավոր է` չկայանա կամ դառնա հերթական, խոսում են նաև Բաքվում, որտեղ պնդում են ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վրա, որի առաջին փուլը ենթադրում է որոշ տարածքներից հայկական զորքերի դուրսբերում:

Այս տարվա ապրիլի 2-5-ը պատերազմի ընթացքում հայկական կողմը կորցրել է Ղարաբաղում մի շարք բարձունքներ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ` մոտ 800 հեկտար: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այդ տարածքները չեն վերադարձվի:

Ըստ հակամարտության կողմերին միջազգային միջնորդների առաջարկած, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների և դրանց տարբերակների` հայերը պետք է հրաժարվեն Ղարաբաղի շուրջը գտնվող յոթ շրջաններից առնվազն հինգից` հայաբնակ տարածաշրջանի միջանկյալ կարգավիճակի և հետագայում վերջնական կարգավիճակի որոշման նպատակով հանրաքվե անցկացնելու դիմաց: