Ռազմական բժիշկներ. առաջնագծում դեղամիջոցների, սարքավորումների պակաս չկա

Photo: Photolure

Ապրիլյան պատերազմի ընթացքում առաջնագծում աշխատած ռազմական բժիշկները նշում են. հայկական բանակը չունի բժշկական որևէ բանի` դեղորայքի, սարքավորումների, մեքենաների կարիք չկա: Սահմանին ամեն ինչ վերահսկվել է, մարտական գործողությունների առաջին իսկ օրերից բուժծառայությունը  կազմակերպված է եղել, ինչի արդյունքում բոլոր վիրավորներին ժամանակին և ճիշտ կազմակերպված բժշկական օգնություն է տրամադրվել:

Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից վեց հոգուց բաղկացած բժիշկների երկու խումբ, որոնց մեջ եղել են  վիրաբույժներ, վնասվածքաբաններ, մեկնել են Արցախի տարբեր զորամասեր:  Բժիշկները զորամասերում ոչ միայն առաջին բուժօգնություն են ցույց տվել զինվորներին, այլև դեղորայք տարել և զինվորներին սովորեցրել առաջին բուժօգնություն ցույց տալ:

Երկարամյա ռազմական բժիշկ, այսօր արդեն քաղաքացիական բժիշկ Վարուժան Հակոբյանը, ով օրերս է վերադարձել Արցախից, նշել է, որ  բանակն առաջին բուժօգնության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով ապահովված է, իսկ  զինվորներն ունեն համապատասխան գիտելիքներ` առաջին բուժօգնությունն ինքնուրույն կազմակերպելու համար:

«Ինչ վերաբերում է կադրերին, ապա կարծում եմ, որ բոլոր բժիշկներն էլ հիմա պատրաստ են աշխատելու որպես ռազմական բժիշկներ, եթե մի քանի օր վերապատրաստում անցնեն: Սակայն, փառք Աստծո, մենք հիմա չունենք դրա կարիքը, քանի որ հայկական բանակը չունի կադրերի պակաս»,- ասել է Հակոբյանը:

Նրա  խոսքով` խնդիրներ էլ կան, սակայն վերջին տարիներին  ռազմական բժշկությունը զարգացման լուրջ փուլեր է անցել:

«Լինելով նախկին ռազմական բժիշկ, երբ համեմատում եմ, ակնհայտ մեծ առաջընթաց կա, և այն փոքրիկ թերությունները, որ այսօր կարող են լինել, շտկելի են։ Մարտական հենակետերում զինվորների ծառայությունն իրականացվում է  սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներին համապատասխան: Մի կարևոր հանգամանք էլ՝ այն  ձևաչափը,  երկու-երեք սերունդների առկայությունը հենակետերում, երևի կարող ենք ասել, որ մեր ազգի նման ազգը կարող է նման բան անել՝ այդ աշխատանքը, այդ գործելաոճը: Մեծին, փոքրին հարգելու այդ ներդաշնակությունը, որը ապահովեց  մեր  մարտական ոգին»,- ասում է նախկին ռազմական բժիշկը:

Նրա  խոսքով` այսօր հայկական բանակն ապահովված է անհրաժեշտ միջոցներով, բժշկական ունեցվածքով, սարքավորումներով, ավտոտեխնիկայով:

«Իհարկե, եթե ավելի շատ լինի, շատ ավելի լավ, օժանդակությունը, կարծում եմ՝ նպատակային կօգտագործվի: Այնտեղ ես տեսա բազմաթիվ նոր սանիտարական մեքենաներ, բնականաբար, նման հարցերն առաջանում են այս իրադարձությունների ժամանակ: Կարծում եմ, որ  մասնագետների պակաս էլ ոլորտում չկա, առողջապահության ոլորտի բոլոր բժիշկները հոգեբանորեն պատրաստ են լինել ռազմական բժիշկներ, եթե անհրաժեշտություն լինի: Այսօրվա ռազմական բժշկությունն ունի մեծ առաջընթաց և ավելի բարձր է կանգնած քաղաքացիական բժշկությունից»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Կամավոր Խաչատրյանը հայտարարել էր, որ քառօրյա պատերազմում ռազմական բժիշկները առաջնագծից 10 կիլոմետր հեռավորության վրա կատարել են  բացառիկ վիրահատություններ, այդ թվում՝ պլաստիկ վիրահատություն, որի արդյունքում պահպանվել են զինվորի ստորին վերջույթները, և նա այսօր կարողանում է քայլել:

Խաչատրյանը նշել էր, որ  բժիշկները կատարել են քներակի, սրտի և այլ վիրահատություններ: Ռազմական բժիշկները կարողացել են անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս նվազեցնեն վիրավորվածների շրջանում հաշմանդամության տոկոսը: