«Հայաստանը» ԼՂՀ-ին. համահայկական հիմնադրամը օգնության ձեռք է պարզում պատերազմից տուժած Ղարաբաղին

Photo: www.gov.nkr.am

Ապրիլյան ռազմական գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն օգնության հերթական ձեռքն է մեկնում «վաղեմի գործընկեր», Հայաստանի ամենամեծ «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի գլխավորությամբ մի խումբ ներկայացուցիչներ այս օրերին Լեռնային Ղարաբաղում են և քննարկում են առաջիկա անելիքները։

Կիրակի Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը, ընդունելով սպասված հյուրերին, շնորհակալություն է հայտնել շարունակական աջակցության համար։

«Բանակի ամրության հիմքը հայրենասեր ու դաստիարակված քաղաքացին ու զինվորն է. հանրապետության համարյա բոլոր համայնքներում հիմնադրամի միջոցներով իրականացված` մանկապարտեզների ու դպրոցների վերակառուցման, ջրամատակարարման բարելավման, ճանապարհների վերականգնման ծրագրերը նպաստել են բնակչության արտահոսքի կանխմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը և առողջ ու դաստիարակված հայրենասեր սերունդ ունենալուն»,- ասել է վարչապետը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն էլ հիմնադրամի ներկայացուցիչների անունից Ղարաբաղին միշտ աջակցելու և հայրենանպաստ ծրագրերի իրագործման պատրաստակամություն է հայտնել:

Դեռևս անցյալ շաբաթ Արա Վարդանյանը տեղեկացրել էր, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների նիստում քննարկելու են հավաքված դրամի գլխավոր մասը Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների վերացմանը հատկացնելու հարցը:

Arayik-HArutyunyan-Ara-Vardanyan-karabakh«Չեմ կարող նույնիսկ մոտավորապես ասել, թե որքան փող անհրաժեշտ կլինի տրամադրել, սակայն աջակցությունը պետք է բազմակողմանի լինի, սկսած դեղամիջոցներ հասցնելուց մինչև առանձին ընտանիքների և զոհված զինծառայողների ընտանիքներին օգնության տրամադրումը»,- ասել է Վարդանյանը:

ԼՂՀ այցի շրջանակներում հիմնադրամի տնօրենն ու ներկայացուցիչները մասնակցել են նաև երկուշաբթի Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Տորոնտոյի տեղական մարմնի և Արցախի հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:

«Սփյուռքի սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք միշտ բարձր ենք գնահատել ձեր կողմից Արցախում ամեն մի ներդրված լուման: Այսօր ձեր սրտացավ վերաբերմունքի շնորհիվ՝ մենք ձեզ հետ միասին հերթական տոնն ենք նշում, քանի որ Արցախում ընդունված է կրթօջախի բացումը տոն համարել: Ասեմ ավելին՝ այսօրինակ ծրագրերով մենք հարգում ենք նաև մեր զոհված հերոս տղաների պայծառ հիշատակը, քանի որ նրանք իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի պահպանման և շենացման»,- բացման արարողության ժամանակ ասել է վարչապետ Հարությունյանը:

1992-ին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն իսկ հսկայական ծրագրեր է իրականացրել Արցախում՝ վերացնելով առաջին պատերազմի հետքերը։ Ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ջրագծերի ու գազատարների կառուցմանը զուգահեռ օժանդակություն են ստանում նաև բազմաթիվ սոցիալապես խոցելի խմբեր, այդ թվում` ազատամարտիկների ընտանիքներ, անապահով ընտանիքների ուսանողներ: