
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար, երբեմնի ամենաազդեցիկ գործիչներից մեկի` Հայաստանի իշխանություններին ուղղված սուր քննադատությանը «հասցեատերերն» ըմբռնումով են մոտենում ու կարծում, որ այսօր ամենահեշտ գործը քննադատելն է։
ԼՂՀ ՊԲ-ն վեց տարի ղեկավարած գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը մի քանի տարվա բացակայությունից հետո հայրենիք վերադառնալով երեքշաբթի հարցազրույց է տվել «Սիվիլնեթ» կայքին, որում, ի թիվս այլ վիճահարույց հայտարարությունների, նշել է նաև, որ քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի հաջողություններն անսպասելի էին հենց Բաքվի համար, սակայն փաստն այն է, որ ադրբեջանցիները կարողացել են հայտնի դիրքերը գրավել կես կամ մեկ ժամվա մեջ։ Եվ ի հեճուկս Հայաստանի իշխանությունների պնդումների, ըստ Բաբայանի՝ այդ տարածքներն ունեն ռազմավարական նշանակություն։
«Ես չգիտեմ ով ա մետրով չափել՝ 800 ա՞, թե՞ 1800: Ինչ վերաբերում ա էդ դիրքերին կոնկրետ Մարտակերտի ուղղությամբ, դա երկակի ռազմավարական կետեր են․ առաջինը` ապահովում էր էդ գյուղերը, էդ բնակչությունը ապրելու:
Էդ հողերը հենց բնական Ղարաբաղի սահմանն էր, մենք դուրս ենք եկել մեր բնական սահմաններին:
Երկրորդը` էդ տարածքից մենք կարում ենք, մեր բռան մեջ ա լինում ամբողջ հարթավայրը՝ Կիրովաբադից Միր Բաշիր… Հիմա դա մեկը համարում ա` ստրատեգի՞կ ա, ստրատեգի՞կ չի… Էդ մարդիկ չտեսած՝ ի՞նչ են հասկանում` էդ ինչի համար ա»,- ասել է Բաբայանը՝ հավելելով, որ չկան ոչ ռազմավարական դիրքեր, մանավանդ Մարտակերտի ուղղությամբ:
Ըստ Բաբայանի՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, մեծ քանակությամբ սպառազինություն է գնում, որը կիրառվելու է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի դեմ, ուստի Բաբայանն առաջարկում է, որ Հայաստանը նախևառաջ շեշտը դնի օդային պաշտպանության վրա, քանի որ ադրբեջանական կողմի հեռահար հարվածները՝ հրետանային, հրթիռային, օդուժի, հայկական կողմին են հասնելու օդով։
Բաբայանի պնդմամբ` սեղանին ոչ թե Ղարաբաղի, այլ ողջ հայոց պետականության հարցն է, մինչդեռ ռազմական ոլորտի ղեկավարությունը շարունակում է ժողովրդին խաբել, թե ամենակարող է։
Սակայն նախկին ազդեցիկ գործչի հարցազրույցն այդքան էլ մեծ արձագանքների չի արժանացել ոչ հայրենի Ղարաբաղում, ոչ էլ Հայաստանում։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով Սամվել Բաբայանի հարցազրույցը, նշել է, որ շատ հանգիստ են ընդունել այն։
«Անձամբ ես, բազմաթիվ այլ մասնագետներ, փորձագետներ ևս, կարծում եմ՝ չեն համաձայնի նրա այն գնահատականին, որ չորսօրյա պատերազմը պատերազմ չէր, այլ ուղղակի դիվերսիա, սադրանք: Դա այդպես չէ: Ադրբեջանը իրոք պատրաստել էր խոշոր հարձակում:
Այդպիսի վիճահարույց հարցեր կային հարցազրույցում: Բայց ամեն օր բազմաթիվ այդպիսի մեկնաբանություններ տեղի են ունենում և տարածվում են համացանցում։ Պետք է հիշել, որ 2016-ի վերջին Հայաստանում, 2017-ին Արցախում ակտիվ քաղաքական շրջան է: Ճիշտ ժամանակին հաշվարկած քայլ է՝ քաղաքական դաշտ մտնելու համար»,- ասել է Դավիթ Բաբայանը։
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով էլ` այդպիսի ժամանակներ են, երբ մարդիկ իրենց մտքերն ազատորեն արտահայտում են, մինչդեռ դրանք կարող են առաջ գնալ միայն այն դեպքում, երբ կունենան ժողովրդի հավատամքի կարիքը։
«Հստակ պիտի կողմնորոշված պատասխանել հասարակությանը, թե ի՛նչ խնդիր ես ուզում լուծել: Սամվել Բաբայանը Ղարաբաղյան պատերազմի ընթացքում բավականին մեծ դերակատարում է ունեցել: Ես Սամվել Բաբայանին չեմ էլ տեսել, որ իմանամ` պաշտոն հիմա ուզո՞ւմ է, թե՞ չէ»,- ասել է Սահակյանը: