Ղարաբաղյան գործընթաց. ԱՄՆ միջնորդը հունիսին Սարգսյան-Ալիև հանդիպման հույս ունի

Photo: Photolure

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը այս ամիս ավելի ուշ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հույս է հայտնել:

Հունիսի 1-ին եռանախագահ երկրների, այդ թվում նաև` Ռուսաստանի ու Ֆրանսիայի, ներկայացուցիչների` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Ուորլիքը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ անցկացրել ենք կարևոր բանակցություններ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ: Մենք ակնկալում ենք հունիսին նախագահների հանդիպում»:

Այսօր` հունիսի 2-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Սարգսյանը և Ալիևը մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպել են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Դա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին հանդիպումն էր Ղարաբաղում ապրիլի սկզբին զինված հակամարտության կարճատև լարումից հետո: Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջատար դիվանագետների ներկայությամբ երկու նախագահները համաձայնել են պահպանել զինադադարի ռեժիմը և շարունակել խաղաղ կարգավորման ուղիների որոնումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այն ժամանակ ասել էին, որ Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը կարող է անցկացվել արդեն հունիսին: