ԱԳՆ. Նալբանդյանը և միջազգային միջնորդները Փարիզում քննարկել են ղարաբաղյան հարցը

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 2-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ համանախագահների առաջարկների մանրամասները` հաղորդել են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Կարևորվեց մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995 թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիթորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար»,- նշված է ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ: