Ղարաբաղ. նախաձեռնող խումբը ձգտում է Բաբայանին նշանակել պաշտպանության նախարար

Ստեղծվել է նախաձեռնող խումբ` գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին Արցախի պաշտպանության նախարար և պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու պահանջով:

Բաբայանը, ով 1993-2000 թթ. եղել է Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար, Ադրբեջանի հետ կարճատև պատերազմից հետո փաստորեն արտաքսումից վերադարձել է Ռուսաստանից:

Շաբաթավերջին նախկինում մեծ ազդեցություն ունեցող 51-ամյա հրամանատարը մեկնել է Ստեփանակերտ, որտեղ, ինչպես հաղորդվում է, տեղի հրապարակում նրան են դիմավորել հարյուրավոր կողմնակիցներ:

Բաբայանը, ով սուր քննադատության էր ենթարկել Հայաստանի և Ղարաբաղի իշխանություններին մինչև ապրիլի 2-5-ը ծավալված ռազմական գործողությունները և դրանց ընթացքում սխալների համար, լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեռ չի պատրաստվում ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու:

Վերջին շաբաթներին հայաստանյան լրատվամիջոցներում կարծիքներ էին հնչում, որ Բաբայանը կարող է միանալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և այլ քաղաքական գործիչների նորաստեղծ ընդդիմադիր կուսակցությանը:

Մինչդեռ Բաբայանը հերքել է, որ անդամակցելու է որևէ կուսակցության կամ ներգրավվելու է հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների որևէ համամասնական ցուցակում, բայց իրեն իրավունք է վերապահել իբրև քաղաքացի աջակցելու այն քաղաքական ուժին, որը կարող է կիսել իր տեսակետները: Սակայն նա չի մանրամասնել:

Միևնույն ժամանակ Հայկ Խանումյանը` Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը, իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից սկսելու են կազմակերպչական աշխատանքներ Բաբայանին պաշտպանության նախարար նշանակելու հարցով մեծ հավաք կազմակերպելու ուղղությամբ: «Հավաքի օրվա, ժամի և այլ մանրամասների մասին կտեղեկացնենք նախօրոք»,- ասել է նա:

Վկայակոչելով պատգամավորի ղեկավարած «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահի համակրին ու կնոջը, «Ազատություն» ռադիոկայանը այսօր հաղորդել է, որ Հայկ Խանումյանը ծեծի է ենթարկվել ու գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ ԼՂՀ ոստիկանությունից, սակայն, աղբյուրին ասել են, որ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Այնուամենայնիվ, ոստիկանության ներկայացուցչները ժամանել են հիվանդանոց։