Եկեղեցին և բանակը. հոգևորականները Ղարաբաղում լարված օրերին զինվորների կողքին էին

Photo: president.am

Հայկական երկրորդ հանրապետությունում ապրիլին սկիզբ առած պատերազմական գործողություններն արագորեն մոբիլիզացրեցին ոչ միայն զինված ուժերին, այլև հոգևոր դասին, ինչն ամբողջացավ արդեն բախումների երրորդ օրը հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարված աննախադեպ աղոթքով։ Իսկ արդեն մի քանի օր անց Լեռնային Ղարաբաղում էին Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։

Ռազմական գործողությունների վերսկսումից ժամեր անց մի ձեռքում Սուրբ գիրքը, մյուսում` զենքը բանակի հոգևոր սպասավորներն արդեն դիրքերում էին և աղոթքին զուգահեռ օգնում էին զինվորներին, ամրացնում դիրքերը, փորում խրամատներ, տեղափոխում հրանոթների արկերը։

«Ապրիլի 2-ին, ինչպես ընդունված է, ծառայությանս վայրում էի` Երևանում: Իմանալով, որ լարվածություն կա, և հարձակում է տեղի ունեցել Արցախի հարավային և հյուսիսային ուղղություններով, որոշեցի մյուս օրը մեկնել առաջնագիծ: Ամսի 3-ին արդեն առաջնագծում էի, ինձ դիմավորեց մեր հոգևոր սպասավորը, ծանոթացա իրավիճակին և այնուհետև մեկնեցի հրամանատարական կետ»,- «ԱրմենիաՆաուին» պատմում է զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Սրբազան հայրն արմատներով Մարտունու շրջանից է, իր մաշկի վրա է զգացել դեռևս առաջին պատերազմի արհավիրքը։

«Առաջին օրը եղա թե՛ հյուսիսում, թե՛ հարավում։ Երկու հատվածներում էլ իրավիճակը գրեթե նույնն էր` լարված։ Այս դիրքերն ինձ քաջածանոթ էին, հաճախ եմ այնտեղ լինում: Այնտեղ տեսանք զինվորականի այն մարտական ոգին, որն ընդգծում է սպայի և զինվորի բարձր մարդկային հատկանիշները: Ոչ մի վախի զգացում: Անշուշտ, ժամանակին պատերազմ տեսնելով և մասնակցելով, միևնույն է՝ պատերազմը տալիս է իր բացասական ազդակը նյարդային համակարգին, մտքին, սրտին և հոգուն, ցավալի և անդառնալի կորուստներ»,- ասում է սրբազան հայրը:

Ըստ Վրթանես եպիսկոպոսի՝ հյուսիսային հատվածում իրավիճակը փոքր-ինչ այլ էր, քանի որ բնակելի գյուղեր էին հակառակորդի անմիջական թիրախը դարձել։

«Զինվորականների հետ նաև խաղաղ բնակչությունն էր մարտական գործողություններին մասնակցում: Այստեղ նույնպես մարդիկ տիրապետում էին իրավիճակին, կարողանում էին ամենաօպտիմալ տարբերակը գտնել, որպեսզի կարողանային թշնամուն հետ շպրտել և ցույց տալ, որ հայ զինվորականը և հայ սպան կանգնած են և մինչև վերջ պաշտպանում են իրենց հողը, սրբություններն ու հայրենիքը»,- ասում է Սրբազան հայրը՝ հավելելով, որ երկու հատվածներում էլ հանդիպել է իրենց առաքելությանը նվիրված հոգևորականների, ովքեր խուսափելով հակառակորդի թիրախը դառնալուց` երբեմն հոգևորականի սքեմը փոխարինել էին զինվորական համազգեստով և զինվորներին էին օգնում։

Իհարկե, նորություն չէ հոգևորականի` զինվորի կողքին կանգնած լինելը։ Դեռ 451 թ. Ավարայրի ճակատամարտում, որտեղ ողջ հայ ժողովուրդը վասն հավատի և հայրենյաց ոտքի ելավ և դիմագրավեց ահեղ թշնամուն, առաջին շարքերում էին բազմաթիվ հոգևորականներ, ովքեր աչքի ընկան արիությամբ և խիզախությամբ:

Արդեն 20-րդ դարում Սարդարապատի ճակատամարտում հայ հոգևորականները նույնիսկ փոքր գունդ են ունեցել: Իսկ Մեծ Հայրենականի տարիներին հիշարժան է Գևորգ Զ. Ամենայն Հայոց կաթողիկոսի ջանքերով և եկեղեցու միջոցներով կազմավորած և ռազմի դաշտ ուղարկած «Սասունցի Դավիթ» և «Դավիթ-Բեկ» տանկային շարասյուները:

Իսկ արդեն 1997 թ. նոյեմբերի 13-ին Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ ստեղծվել է Հայ Եկեղեցում զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը: Այսօր արդեն 50-ից ավելի հոգևոր սպասավորներ ունեցող առաջնորդության հիմնական խնդիրներն են ՀՀ զինված ուժերի անձնակազմին հաղորդակից դարձնել Աստվածաշնչին, Քրիստոսի Ավետարանին և քրիստոնեական հավատքի սկզբունքներին, դաստիարակել քրիստոնեական բարոյական սկզբունքներով և ազգային-հայրենասիրական ոգով:

Ապրիլյան լարված օրերին, սակայն, բացի զինված ուժերի հոգևոր սպասավորներից, հոգևոր ծառայություն իրականացնելու և զինվորականների կողքին լինելու համար նաև կամավորականների մեծ խումբ է մեկնել Արցախ։

«Հոգևոր անվտանգությունն ու մեր հայրենիքի պետականության անվտանգության երաշխիք հանդիսացող հայոց բանակի միասնականությունն էր սա։ Մեր բոլոր սպասավորները, նույնիսկ արտերկրի, զանգում են, հարցնում` ինչո՞վ օգնեն, ֆիզիկապես, հոգեպես, նյութապես։ Սա միասնության աննախադեպ ալիք էր, որը տվեց իր պտուղները, ազգ-պետություն-եկեղեցի միասնությունը ևս մեկ անգամ շեշտվեց, ցույց տրվեց, որ ոչ թե միաբանությունը մի աղոթող զանգված է, այլ գործող օրգանիզմ է` ի դեմս Ամենայն հայոց հայրապետի»,- նշում է հոգևորականը։

Հատկանշական է, որ այս լարված օրերին զինվորականները մկրտվելու ցանկություն են հայտնել։

«Առաջին անգամ մկրտություն կատարեցինք հենց դիրքերում, հորդառատ անձրևի տակ, քանի որ այդ տղաները ցանկություն ունեին մեկ րոպե առաջ դառնալ քրիստոնյա։ Նման արարողություններ իհարկե եղել են դեռևս առաջին պատերազմի ժամանակ, սակայն արդեն կազմավորված բանակում, երկու տասնյակից ավելի հարաբերական խաղաղության մեջ ապրող զինվորականը պատերազմի, հրետանու դղրդացող արկերի ներքո, հորդառատ անձրևի տակ ցանկացավ մրտվել Հիսուս Քրիստոսի անունով»,- ասում է սրբազան հայրը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հայերի համար այս պայքարը երբեք կրոնական չի եղել։

«Մենք երբեք այս գոյապայքարը չենք վերածել կրոնականի, քանի որ սա ազատագրական պայքար է, մեր հողերին տեր լինելու պայքար է, մեր ժողովրդի ազատ կամքի արտահայտման պայքարն է։ Արցախահայությունն ուզում է ազատ, անկախ ապրելու այդ կարևոր իրավունքը ձեռք բերել, որի համար իր ձայնն է բարձրացրել, այլ ոչ թե զենքը, սակայն ձայնը չլսվեց, և ձայնին համարժեք թնդանոթների ձայները հնչեցին, որպեսզի խլացնեն արցախցու ձայնը, որի հետևանքը պատերազմն է»,- ասում է զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ վստահեցնելով, եթե ժամանակը գա, և հարկ լինի, որ ազգովի, բոլորս միասին ոտքի կանգնենք, անշուշտ հոգևորականներն էլ կրկին կլինեն առաջնագծում։

«Մենք մշտական աղոթքի մեջ ենք, որպեսզի Տիրոջով ևս մեկ անգամ համոզված լինենք, որ արդարությունը մի օր կհաղթի, ու այն, ինչ Աստծո կամոք տրվել է հայերին, հետ կվերադարձվի։ Թող Աստված ևս մեկ անգամ օրհնի մեր ժողովրդի միասնությունը, և թող լույս իջնի բոլոր նրանց վրա, ովքեր իրենց կյանքը զոհեցին Արցախի համար»։