Ղարաբաղի պաշտպանության նախարար. Բաբայանի խոսքերն են դիվերսիա

Photo: Photolure

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի հայտարարությունները համարում է դիվերսիա Արցախի հասարակության, ինքնիշխանության դեմ։

Հիշեցնենք, որ Բաբայանը սուր քննադատության էր ենթարկել Հայաստանի և Ղարաբաղի իշխանություններին մինչև ապրիլի 2-5-ը ծավալված ռազմական գործողությունները և դրանց ընթացքում սխալների համար, հավելելով սակայն, որ չի պատրաստվում ակտիվ քաղաքականությամբ զբաղվել:

Նա 1993-2000 թթ. եղել է Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար, Ադրբեջանի հետ կարճատև պատերազմից հետո փաստորեն արտաքսումից վերադարձել է Ռուսաստանից:

Բաբայանը, մասնավորապես, Civilnet-ի հետ զրույցում նշել է, որ ապրիլյան կատարված դեպքերը պատերազմ կամ բլից կրիգ չէր:

«Դա եղել է դիվերսիոն գործողություն, որտեղ հակառակորդը քայլեր է ձեռնարկել պատժիչ գործողություն կատարելու ու ստացել անսպասելի հաջողություն, որից հետո փորձել են հաջողությունն ամրապնդել»,- նշել է նա:

Հարցազրույցում Լևոն Մնացականյանը նշել է, որ մարդիկ չեն հասկանում՝ ի՛նչ է նշանակում դիվերսիոն-հետախուզական գործողություններ, մինչև վերջ չեն վերլուծում՝ ի՛նչ նպատակներ են հետապնդում դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունները։

«Եթե նա գար, տեսակցեր իր հարազատներին, մտերիմներին, ես դա շատ նորմալ կընդունեի։ Բայց իր հայտարարությունները հասկանալի չեն: Ես դա համարում եմ վտանգավոր, ոչ հարիր նախկինում նման պաշտոն զբաղեցնող անձին։ Ինձ համար հասկանալի կլիներ, եթե նրա կողմից համերաշխության քայլեր ձեռնարկվեին։ Իր գործողությունները համարում եմ դիվերսիա մեր հասարակության, ինքնիշխանության, պաշտպանունակության դեմ»,- Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Մնացականյանը: