Ղարաբաղ. միջնորդները վերահաստատել են նախագահների մակարդակով առաջիկա նոր հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներից հետո հայտարարել են հունիսի սկզբին նախագահների հանդիպման մասին: Սակայն առայժմ ոչ միայն հայտնի չեն հանդիպման վայրն ու ժամանակը, այլև նշվում է, որ կողմերը չեն հաղթահարել ղարաբաղյան կարգավորման հիմնարար հարցերի շուրջ հակասությունները: Իսկ դա նշանակում է, որ հանդիպումը և դրա արդյունավետությունը կասկածի տակ են:

Հունիսի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել էր Բեռլին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում մի շարք ուշագրավ հայտարարություններ արել: Նախ` նա Ռուսաստանին կոչել է ռազմավարական գործընկեր և ղարաբաղյան կարգավորման մեջ դրական միջնորդ: Բացի այդ, նա Հայաստանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել և հայտարարել, որ կարգավորումը հնարավոր է միայն Ղարաբաղից հայկական ուժերի դուրսբերումից հետո:

Ilham-Aliyev-Angela-MerkelԱնգելա Մերկելն իր հերթին հայտարարել է, որ Գերմանիան որպես ԵԱՀԿ գործող նախագահ կաջակցի համանախագահներին մադրիդյան սկզբունքների հիման վրա կարգավորման ուղիների որոնման հարցում: Մադրիդյան սկզբունքները ենթադրում են որոշակի ղարաբաղյան տարածքներից հայկական ուժերի դուրսբերում, և Հայաստանը համաձայնել է ընդունել այդ սկզբունքները որպես բանակցությունների հիմք:

Սակայն այժմ հայկական կողմը որպես բանակցությունները վերսկսելու նախապայման առաջ է քաշում ներկայիս շփման գծում ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների տեղադրման գաղափարը, որոնք կօգնեն զինադադարի ռեժիմը պահպանելու:

Սակայն, դատելով լրատվամիջոցների տեղեկատվությամբ, Բեռլինում մամուլի ասուլիսի ընթացքում չի խոսվել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում ԵԱՀԿ սարքերի տեղադրման հավանականության մասին, որը հնարավորություն կտա պարզելու հրադադարը խախտող մեղավոր կողմին:

Իր հերթին, ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը «Ինտերֆաքս» գործակալության հետ հարցազրույցում պատասխանել է միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին հարցին: «Բարձր մակարդակով ձեռք են բերվել համապատասխան մեխանիզմի ուղղությամբ աշխատանքներն ավարտելու պայմանավորվածություն, և այժմ ԵԱՀԿ մասնագետները զբաղվում են դրա վերջնական մշակմամբ: Նախորդ շաբաթ Մինսկի խմբի գործընկերների հետ փորձագիտական մշակումները փոխանցել ենք Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներին: Սպասում ենք կողմերի եզրակացությանը»,- ասել է ռուսաստանցի համանախագահը:

Նա նաև նշել է, որ զուգահեռաբար, եռանախագահների հետ համաձայնեցված մոտեցումների շրջանակներում, Ռուսաստանն ինքնուրույն ջանքեր է ձեռնարկում` «հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի հետ առանձնապես սերտ հարաբերությունները»:

Ամենայն հավանականությամբ, հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը Ադրբեջանը փորձում է կապել Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման հետ: Հայաստանում այս հարցը հանրային քննարկման չի ենթարկվում` որտե՞ղ են տեղադրվելու հնարավոր սարքերը` շփման ներկայիս գծո՞ւմ, թե՞ «հայկական ուժերի դուրսբերումից» հետո նոր սահմաններ կորոշվեն: Չկան նաև ստույգ տեղեկություններ այն մասին, թե ո՛ր երկիրն է նման սարքեր արտադրում: