Վատիկանը և Էջմիածինը հաստատում են. Հռոմի Պապը հունիսին կայցելի Հայաստան

Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոսը կայցելի Հայաստան հունիսի վերջին` շաբաթավերջին հայտարարել են Վատիկանը և Էջմիածինը:

Վկայակոչելով «Ռադիո Վատիկանին»` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը տեղեկացրել է, որը այցը տեղի կունենա հունիսի 24-26-ը:

Ֆրանցիսկոսի այցը տեղի կունենա Հայաստանի իշխանությունների, Հայ Առաքելական Եկեղեցու և փոքրամասնություն կազմող Հայ Կաթողիկի Եկեղեցու հրավերով:

Սուրբ Էջմիածինը առանձին հայտարարությամբ հաստատել է հաղորդագրությունը:

Ֆրանցիսկոս Պապը 2015 թ. ապրիլին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ի հիշատակ Օսմանյան ժամանակաշրջանում հայերի ջարդերի 100-րդ տարելիցի մատուցած պատարագի ժամանակ հրապարակավ վերահաստատեց Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Թուրքիան զայրույթով արձագանքեց Պապի` «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» արտահայտությանը` մեղադրելով հովվապետին պատմությունը խեղաթյուրելու մեջ և ի նշան բողոքի հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին:

Վերջերս WIN/GallupInternational-ի անցկացրած համաշխարհային հետազոտությոան արդյունքներով պարզվել է, որ հարցված հայաստանցիների 75 տոկոսը դրական է վերաբերվում Ֆրանցիսկոս Պապի գործունեությանը:

Ֆրանցիսկոս Պապի նախորդներից մեկը` Հովհաննես Պողոս Երկրորդը, Կաթոլիկ Եկեղեցու առաջին առաջնորդն էր, որ 2001 թ. այցելեց Հայաստան` մասնակցելու Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի միջոցառումներին: Այնուհետև Հովհաննես Պողոսը և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդես եկան համատեղ հռչակագրով` 1915 թ. հայկական ջարդերը Օսմանյան Թուրքիայում որակելով որպես ցեղասպանություն: