ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողով. պաշտոնյաները քննարկում են գնալ-չգնալու հարցը

Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցչի կարծիքով` Հայաստանը պետք է մասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վարչապետների գագաթնաժողովին, որը պետք է տեղի ունենար Երևանում, սակայն տեղափոխվեց Մոսկվա:

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Ղարաբաղում իրավիճակի լարման պատճառով ԵԱՏՄ-ում որոշել են տեղափոխել Երևանում կայանալիք վարչապետների գագաթնաժողովը։ Պետք է նշել նաև, որ Ղազախստանի կառավարության ղեկավարը առաջարկել է Երևանում նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացումը տեղափոխել Մոսկվա, ինչը այդքան էլ միանշանակ չի ընդունվել Հայաստանի հանրությունում:

«Մենք հերթական սխալն ենք կատարում: ԵԱՏՄ-ն ընդամենը տնտեսական միավորում է, ընդհանրապես քաղաքականության մեջ նեղացկոտությունը չի ընդունվում, իսկ ինչո՞ւ չգնալ և չբարձրաձայնել հարցերը: Մենք միանգամից սիրահարվում ենք մեկին և միանգամից հիասթափվում: Գոյություն ունեն շահեր, ամբողջը կախված է շահերից, Ռուսաստանը մեզ պետք է այնքանով է, որքանով` մենք իրեն»,- երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը:

Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին ընդունելով` մտահոգություն էր հայտնել միության որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ:

«ԵՏՄ-ն մի կառույց է, որ գործում է կոնսենսուսի սկզբունքով: Այսինքն, որոշումները կայացվում են բոլոր անդամների համաձայնությամբ: Եթե Հայաստանը որևէ որոշման կողմ չլինի, այդ որոշումը չի կարող ընդունված համարվել: Եվ ուրեմն, եթե ԵՏՄ-ն մեզ սաբոտաժի է ենթարկում, մենք էլ կարող ենք սաբոտաժի ենթարկել այն:

Եթե այդ կառույցը կամ կառույցի երկրները իրենց կարգի չհրավիրեն, Հայաստանը դե յուրե այդ կազմակերպության անդամ մնալով կարող է դե ֆակտո կաթվածահար անել դրա գործունեությունը, քանի որ հնարավորություն ունի դեմ քվեարկելով` խափանել ցանկացած որոշման ընդունում (այդ թվում` նոր անդամների ներգրավման վերաբերյալ)»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: