Վիճահարույց ներկայություն. Հայաստանը մասնակցել է ղարաբաղյան ճգնաժամի պատճառով Երևանից տեղափոխած ԵԱՏՄ գագաթնաժողովին

Չնայած հանրությունից հնչող հստակ պահանջին` բոյկոտելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որ ապրիլի սկզբի ղարաբաղյան հակամարտության լարվածության պատճառով Երևանում չէր կայացել ու տեղափոխվել էր Մոսկվա, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի մասնակցել է դրան:

Ապրիլի 8-ին Երևանում կայանալիք նիստը տեղափոխվել էր Մոսկվա Ղազախստանի միջնորդությամբ: Տեղափոխությունը Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեխնիկական պատճառով է պայմանավորել:

Չորեքշաբթի նիստին մասնակցած հայաստանյան պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և այլք:
Ըստ կառավարության տեղեկատվության` վարչապետ Հովիկ Աբրահամյանը զրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, որը նշել է, որ հաջորդ նիստը կկայանա Երևանում՝ այս տարվա մայիսի 20-ին:

Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, փորձելով արդարացնել Աբրահամյանի` նիստին մասնակցելու որոշումը, նշում էին, թե դա Հայաստանի համար լավ հարթակ է: Սակայն Աբրահամյանի` այդ հարթակը որևէ կերպ չօգտագործելը ավելի մեծ քննադատության է արժանանում:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի խոսքով` նիստին մասնակցելու փոխարեն Հայաստանը պետք է քաղաքական քայլերով իր նոտան հղեր ԵԱՏՄ երկրների պահվածքի վերաբերյալ ու չմասնակցեր նիստին:

«Այդ հանդիպման տեղափոխությունը հերթական դավաճանական որոշումն էր Հայաստանի դեմ: Ավելին` այնտեղ որևէ ելույթ չունենալն ու այդ գործընկերների պահվածքը չկշտամբելը վկայում են այն մասին, որ Հայաստանի պետությունը ստորացված է առաջին հերթին իր իշխանավորների կողմից, նվաստացած է հենց նրանց կողմից»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Սաֆարյանը:

Ըստ քաղաքագետի` Հայաստանը մեկ բան պետք է աներ` «հստակ դներ ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջ». «Եթե Հայաստանի դաշնակից կոչվածը չի հարգում Հայաստանի համար ամենազգայուն` անվտանգության շահերը, Հայաստանը որևէ առնչություն պիտի չունենա Վլադիմիր Պուտինի աշխարհաքաղաքական ծրագրերի իրագործմանը: Այս շահը սպասարկելու խնդիր Հայաստանը չպետք է ունենա, և սա պետք է լիներ Հովիկ Աբրահամյանի խոսքը մերձմոսկովյան Գորկի քաղաքում»:

Սաֆարյանի խոսքով` ավելի սկզբունքային լինելու հանրության պահանջը Հայաստանի իշխանություններից ավելի քան արդարացված է հատկապես այս օրերին.

«Մենք պահանջում ենք աշխարհի բոլոր երկրներից, որ նրանք հստակ մատնացույց անեն, թե ով է հրավիրել Հայաստանն ու Արցախը ոչնչացնելու, այն է` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ու այս դեպքում մեր դաշնակիցները, լինեն տնտեսական թե ռազմաքաղաքական, պարտավոր էին դա անել, այլ ոչ թե տեղափոխել նիստը»:

Սաֆարյանը միայնակ չէ իշխանություններին այս հարցի վերաբերյալ քննադատելու գործում: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, օրինակ, նույնպես անհիմն է համարել նիստը որպես հարթակ օգտագործելու` իշխանությունների պատճառաբանությունը:

«Հովիկ Աբրահամյանը բոլոր հնարավորություններն ուներ այդ քննադատությունն այստեղ հնչեցնելու և Մոսկվա չգնալու»,- «Հայկական ժամանակ» թերթին ասել է քաղաքագետը: «Բայց մենք հերթական անգամ տեսնում ենք Գիքորի կեցվածք, որը գնում է բազազ Արտեմի մոտ հերթական ապտակն ուտելու: Ուրիշ ոչ մի բան»,- հավելել է նա: