Վերլուծաբան. Ղարաբաղում պատերազմը չի բխում Ռուսաստանի շահերից

Photolur: Photo

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լայնամասշտաբ գործողությունները չեն բխում Ռուսաստանի շահերից, քանի որ նա պատրաստվում է նոր պատերազմի՝ ասում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

«Ո՛չ Իրանին, ո՛չ Ռուսաստանին նման վիճակը ձեռնտու չէ, հաշվի առնելով այն, որ նրանք պատրաստվում են երկու նոր պատերազմի: Եթե Իրանը Թուրքիայի հետ սահմանագլխին կուտակում է մեծաքանակ զորախումբ, եթե Ռուսաստանը տարեցտարի ուժեղացնում է իր բոլոր կարգի ռազմական բազաները Թուրքիայի հետ սահմանին կամ նրան մոտ, ի թիվս որոնց` Գյումրու, Աբխազիայի, սա չի արվում նրա համար, որ Հարավային Կովկասը նորից գրավի և կայսրությունը վերականգնի, այլ որ Ռուսաստանը պատրաստվում է պատերազմելու Թուրքիայի տարածքում»,- ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Երկրի քաղաքացիների հետ ուղիղ կապի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա՝ բացառապես քաղաքական միջոցներով:

«Նրանք հավաստի գիտեն, որ քրդական հարցը, քրդական ապստամբության զարգացումը վաղ թե ուշ կբերի նրան, որ այդ բոցը կթափվի իրենց սահմաններին: Նախօրոք պետք է իմանալ, որ այդ երկրները պատրաստվում են տարբեր կարգի բարդ զարգացումների»,- նշեց Շաքարյանը:

Հարկ է նշել, որ Հայաստանում շատ է խոսվում այն մասին, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք վաճառելով խաթարում է հայ-ռուսական գործընկերությունը: Նման կարծիք են հնչեցրել ԱԺ մի շարք պատգամավորներ, այդ թվում նաև` իշխող կուսակցության ներկայացուցիչները:

«Մոսկվայում պետք է հասկանան, որ Ադրբեջանին զենքի վաճառքը զուտ բիզնես չէ»,- վերջերս ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: