Կառավարություն. զոհված զինծառայողների ընտանիքները պետք է ունենան «կայուն եկամուտ»

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարությանը` լուծել այս ամիս ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում բռնկված վերջին լարվածության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամուտ ապահելու խնդիրը:

Դիմելով նախարար Արծվիկ Մինասյանին` կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է «ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր մշակել»:

«Հանձնարարում եմ այն ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում»,- հավելել է նա:

Ավելի քան 90 հայ զինվոր և սպա են զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել ադրբեջանական զորքերի հետ բախումների հետևանքով ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղում լարվածության նոր աճի պայմաններում:

Հայաստանի կառավարության այսօր տեղի ունեցած նիստում հանձնարարվել է նաև պաշտպանական գերատեսչության ղեկավարին Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ քննարկել և ստորագրել անցյալ տարի Ռուսաստանի հետ ստորագրված 200 մլն դոլար տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը:

Վարկային ծրագրի շրջանակում Հայաստանին ռուսական զենքի մատակարարումն արագացնելու հարցը քննարկվել էր ապրիլի 7-ին վարչապետ Աբրահամյանի և Երևան այցելած իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ:

Բանակցությունները հաջորդել էին Լեռնային Ղարաբաղում քառօրյա մարտական գործողություններին, որոնց ընթացքում ադրբեջանական ուժերն օգտագործել էին ռուսական արտադրության որոշ կործանիչ զինատեսակներ հայ զինծառայողների և քաղաքացիական բնակչության դեմ:

Ռուսաստանի կողմից համազարկային կրակի ծանր հրանետային համակարգերի և այլ հարձակողական զինատեսակների վաճառքը Ադրբեջանին վերջերս զայրույթի հուժկու ալիք բարձրացրեց հայ հասարակության մեջ: Շատերի կարծիքով` որպես Հայաստանի դաշնակից և հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդ կողմ` Ռուսաստանը չպետք է զենք մատակարարի Ադրբեջանին, սակայն Մոսկվայում այս տեսակետին համաձայն չեն:

Մինչդեռ Հայաստանում ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները քննադատում են իշխանությանը` իրենց բնորոշմամբ` բանակի թերի սպառազինման համար: Հայաստանի իշխանությունները, սակայն, պնդում են, որ հայկական բանակը նույնիսկ այժմ լավ զինված և հագեցած է, որպեսզի արժանի հակահարված հասցնի Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի դեմ Ադրբեջանի որևէ ոտնձգության, իսկ Ռուսաստանի հետ նախատեսվող նոր զինատեսակների ձեռքբերման գործարքները արդիականացման շարունակական գործընթացի մաս են կազմում: