
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը ուռճացված աղմուկ է համարել երկրի նախկին ղեկավարի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպը, որի մասին հաղորդել են Հայաստանի ոստիկանությունից:
Ուրբաթ երեկոյան ոստիկանությունը հաստատել է, որ անհայտ անձը նռնակ է նետել Երևանում Քոչարյանի առանձնատան ուղղությամբ, և որ քննչական խումբն աշխատում է դեպքի վայրում:
Ավելի ուշ պարզվել է, որ Քոչարյանը աշխատանքային այցով եղել է Մոսկվայում, երբ միջադեպը տեղի է ունեցել:
Նրա մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը Մոսկվայից լրագրողներին հեռախոսով հայտնել է, որ Քոչարյանի տան մոտ պայթյուն չի գրանցվել, ընտանիքի անդամներին ոչինչ չի պատահել:
«Ուռճացված աղմուկ է, անհեթեթ միջադեպ»,- ասել է նա` ըստ «Ազատություն» ռադիոկայանի:
Այդուհանդերձ, իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) խստորեն դատապարտել է հարձակումը: Իր ֆեյսբուքյան էջում կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության պայմաններում երկրի ներսում «իրավիճակի ապակայունացման մեջ շահագրգիռ կողմեր կան»:
«Հուսամ, կպարզվեն բոլոր հանգամանքները, և հետաքննությունը կտա հարցերի պատասխանը», – ասել է ՀՀԿ բարձրաստիճան անդամը: