Պանամայի փաստաթղթեր. ԴԱՀԿ նախագահ Միհրան Պողոսյանը հրաժարական է տվել օֆշորային սկանդալի պատճառով

Photo: Photolure

ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը երկուշաբթի հայտարարել է իր հրաժարականի մասին` դա բացատրելով վերջին համաշխարհային օֆշորային սկանդալում իր անվան հայտնվելու մասին:

Պողոսյանի անունը հայտնվել էր 11,5 մլն գաղտնազերծված փաստաթղթերի մեջ, որոնք պարունակում են մանրամասն տեղեկություններ ավելի քան 214 հազար օֆշորային ընկերությունների մասին, որոնց կորպորատիվ ծառայություններ է տրամադրել պանամական Mossack Fonseca ընկերությունը: Գաղտնազերծված փաստաթղթերը պարունակում են տեղեկություններ մի շարք երկրների կառավարության պաշտոնյաների և օֆշորային ակտիվների ղեկավարների մասին և արդեն հանգեցրել են Իսլանդիայի վարչապետի հրաժարականին:

ԴԱՀԿ ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված է Պողոսյանի հետևյալ գրառումը. «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։

Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»։

Վերջին տարիներին հայաստանյան լրատվամիջոցները 39-ամյա արդարադատության գեներալ-մայոր Պողոսյանի, որը 2008 թվականից ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն է, անունը կապում են Հայաստանում տարբեր եկամտաբեր բիզնեսների հետ:

1997 թ.` իր առաջին հանրային պաշտոնը զբաղեցնելուց մի քանի տարի առաջ, Պողոսյանը հիմնել է «Քեթրին գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը զբաղվում է սննդամթերքի, այդ թվում` թարմ մրգի ներմուծմամբ և բաշխմամբ: Նա, սակայն, հերքել է այսօր իր որևէ առնչությունը բիզնեսին:

Պողոսյանի եկամուտների մասին համեստ հայտարարագրերը հաճախ են դարձել լրատվամիջոցների սուր հրապարակումների առարկա, նշելով, որ անցյալ տարի նրա կինը ձեռք է բերել 70.000 դոլար արժողությամբ Range Rover Sport HSE մակնիշի ավտոմեքենա, թեև 2014-ին և 2015-ին նա որևէ եկամուտ չի ունեցել: