Երկխոսության գործընկեր. Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում ստացել է կարգավիճակ

Photo: www.mfa.am

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը  և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը ստորագրել են հուշագիր, որով  Հայաստանը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ է ստացել Շանհայի համագործակցության կազմակերպությունում:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2001 թ. և ներառում է վեց պետություն՝ Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան:

Ուրբաթ Պեկինում ելույթ ունենալով ստորագրման արարողությանը` Հայաստանի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է Հայաստանի և ՇՀԿ-ի միջև համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանը կազմակերպությունը դիտարկում է որպես երկխոսության ծավալման  կարևոր հարթակ:

Արժևորելով ստորագրված փաստաթուղթը` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այն սահմանում է համագործակցության այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգության և կայունության խթանումը, միասնական ջանքերը ահաբեկչության, ծայրահեղականության, թմրաբիզնեսի, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում` հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նախարարը հավելել է, որ հուշագիրը իրավական հիմքեր է ձևավորում Հայաստանի և ՇՀԿ անդամ երկրների միջև առևտրի և ներդրումների, էներգետիկայի և տրանսպորտի, հեռահաղորդակցության ոլորտներում բազմակողմ համագործակցության իրականացման համար:

ՇՀԿ գլխավոր քարտուղարը, կարևորելով Հայաստանի կողմից կազմակերպության գործընկերոջ կարգավիճակի ստացումը, ընդգծեց, որ ուրախալի է ՇՀԿ ընտանիքում Հայաստանի պես հնագույն պատմություն ունեցող երկրի ընդգրկումը։

Կողմերը համակարծիք էին, որ գործընկերային հարաբերությունների հաստատումը նոր հանգրվան կդառնա` Հայաստանի և կառույցի միջև փոխգործակցության զարգացման համար, ինչպես նաև  հեռանկարներ կբացի հետագա համագործակցության առավել խորացման համար: