Դիվանագիտական լեզվով. Հայաստանը կշտամբում է Ղազախստանին ԵԱՏՄ հանդիպումը տեղափոխելու համար

Հայաստանը կարծես մտահոգված է հետխորհրդային դաշինքներում դաշնակից Ղազախստանի պարտավորությունների անբավարար մակարդակով: Սա զգացվեց երկուշաբթի Երևանում Ղազախստանի պաշտոնակցի հետ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում:

Հայաստանն անդամակցում է Ռուսաստանի գլխավորած երկու կառույցների` Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), որոնցում Ղազախստանը առանցքային անդամներից է:

Նախատեսվում էր, որ ԵԱՏՄ վարչապետները, այդ թվում` Ղազախստանի կառավարության ղեկավարը, ապրիլի 8-ին մասնակցելու էին Երևանում անցկացվելիք նիստին, սակայն հանդիպման վայրը Աստանայի նախաձեռնությամբ տեղափոխվեց Մոսկվա:

Ղազախստանի քայլը հաջորդել էր Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտության սրմանը: ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում լինելով Հայաստանի քաղաքական, տնտեսական և ռազմական դաշնակիցը` Ղազախստանը, որպես թյուրքալեզու պետություն, ինչպես հայտնի է, մշակութային և լեզվական ընդհանրություններ ունի Ադրբեջանի հետ: Ուստի նրա առաջարկը Երևանում ընկալվեց հակամարտության ընթացքում չեզոքություն պահպանելու, եթե ոչ` Ադրբեջանի դիրքորոշմանը սատարելու փորձ:

Ի վերջո, Հայաստանը որոշեց մասնակցել Ռուսաստանի մայրաքաղաք տեղափոխված (և ապրիլի 13-ին կայացած) նիստին, որում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ԵԱՏՄ վարչապետները մայիսի 20-ին կրկին կհավաքվեն Երևանում:

Անդրադառնալով այդ հարցին Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևի հետ հանդիպմանը` Հայաստանի ԱԳ նախարար Նալբանդյանը, ինչպես հաղորդվում է, կարևորել է «ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»: Նա նաև հույս է հայտնել, որ մայիսի 20-ին ԵԱՏՄ վարչապետների՝ Հայաստանում կայանալիք նիստը «կշտկի այդ բացթողումը»։

Նալբանդյանը նաև ներկայացրել է Ղազախստանի փոխարտգործնախարարին «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, բանակցային գործընթացին հասցված վնասը»։

«Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարումը, ինչն ամրագրված է նաև ՀԱՊԿ գագաթաժողովների և ԱԳ նախարարների խորհուրդների շրջանակներում ընդունված փաստաթղթերում»,- նշվում է ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Նալբանդյանը հավելել է, որ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված ձևակերպումներին հակասող դիրքորոշումները վնաս են հասցնում բանակցային գործընթացին։

Ապրիլի 2-5-ը Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղում տասնյակ զոհերի և վիրավորների հանգեցրած զինված բախումներից հետո Հայաստանում քաղաքական գործիչները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննադատություն էին հնչեցրել մի շարք դաշնակիցների, այդ թվում`Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի հասցեին` հակամարտության ընթացքում նրանց ընդգծված չեզոքության, ընդհուպ ադրբեջանամետ դիրքորոշման համար:

Ապրիլի 13-ին հարյուրավոր քաղաքացիներ երթով շարժվեցին դեպի Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն` բողոքելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական զենքի վաճառքի դեմ:

Երկուշաբթի «Ազատություն» ռադիոկայանը հաղորդել է, որ Հայաստանի հյուսիսարևմտյան Շիրակի մարզի Հառիճ գյուղում, որի փողոցներից մեկը կոչվում էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով, որոշել են վերանվանել փողոցը: Ինչպես հաղորդվում է, այս որոշումն արտացոլում է համայնքի հիասթափությունը Ղազախստանի դիրքորոշման և նրա առաջնորդի վերջին ադրբեջանամետ հռետորաբանության առնչությամբ: