Քոչարյանի տան վրա «հարձակման» գործ. 32-ամյա տաքսու վարորդը խոստովանել է իր արարքը

Photo: www.Police.am

Հայաստանի ոստիկանությունը հայտարարել է այն մարդու ձերբակալության մասին, ով անցյալ շաբաթավերջին ուսումնական նռնակ էր նետել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` 32-ամյա Երևանի բնակիչ Հովհաննես Մուրադյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ նրան հարցաքննել են:

Ըստ ոստիկանության` նա ցուցմունք է տվել և խոստովանել իր արարքը:

Ապրիլի 15-ին տեղի ունեցած միջադեպից ժամեր անց ոստիկանությունը հաղորդել էր, որ հարձակվողը Երևանի Իսակովի պողոտայում ավտոմեքենայով մոտեցել էր Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և պահակակետի ուղղությամբ նետել նռնակը (որը չի պայթել): Ըստ լրատվամիջոցների` ձերբակալված տղամարդը աշխատել է որպես տաքսու վարորդ:

Photo: www.Police.am
Photo: www.Police.am

Միջադեպից անմիջապես հետո Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը այն անվանել էր «ուռճացված աղմուկ»: Նա հայտնել էր, որ երկրորդ նախագահը միջադեպի ժամանակ այցով գտնվում էր Մոսկվայում, և ընտանիքի անդամներին ոչինչ չի պատահել:

Հարձակումը դատապարտել էր նաև իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը, փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով` Լեռնային ղարաբաղյան հակամարտության գոտում աննախադեպ լարվածության պայմաններում «երկրի ներսում իրավիճակի ապակայունացման մեջ շահագրգիռ կողմեր կան»:

«Հուսամ, կպարզվեն բոլոր հանգամանքները և հետաքննությունը կտա հարցերի պատասխանը»,- ասել էր Աշոտյանը անցյալ շաբաթ ֆեյսբուքյան գրառման մեջ: