
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կարևորելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը` իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը շաբաթ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հեռախոսազրույցի ընթացքում, որը տեղի է Պան Կի Մունի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ափսոսանք է հայտնել, որ «չնախատեսված հանգամանքների» բերումով հետաձգվել է իր այցը Հայաստան: Ավելի վաղ նախատեսվում էր, որ նա Հայաստան կայցելի ապրիլի 25-ին:
Սարգսյանը նշել է, որ Հայաստանի հասարակությունը վաղուց ի վեր սպասում է գլխավոր քարտուղարի այցին` հույս հայտնելով, որ կհաջողվի նրա այցը իրականացնել փոխադարձաբար համաձայնեցված նոր ժամկետներում:
Միևնույն ժամանակ, երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Այս ամսվա սկզբին հակամարտության գոտում զինված դիմակայության աննախադեպ աճի հետևանքով մի քանի տասնյակ հայ զինվորներ զոհվեցին և վիրավորվեցին: Չնայած ապրիլի 5-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությանը` Լեռնային Ղարաբաղի շփման գծում անկանոն հրաձգության հետևանքով շարունակում են զինծառայողներ զոհվել: