Երևանում ավտոբուսի պայթյունից հետո անվտանգության միջոցները ուժեղացվում են

Photo: Photolure

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ոստիկանությանը ուժեղացնել անվտանգության միջոցները Երևանում երկուշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է երկու ուղևոր, վիրավորվել են յոթը:

Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանն ասել է, որ նախագահ Սարգսյանին «պարբերաբար զեկուցվում» է պայթյունի վայրում իրականացվող փրկարարական և քննչական աշխատանքների ընթացքի վերաբերյալ, որը հասարակության մեջ լայն արձագանք է առաջացրել:

Ինչպես տեղեկացրել է արտակարգ իրավիճակների նախարարությունը, երեկոյան ժամը մոտ 22-ի մոտ Երևանի հարավարևմտյան Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում պայթել է թիվ 63 երթուղու ավտոբուսը:

Photo: Photolure
Photo: Photolure

Պայթյունից անմիջապես հետո պատճառի մասին անմիջապես չի հաղորդվել, քանի որ տեղում աշխատում էին մասնագետները: Հաստատվել է միայն, որ ավտոբուսը աշխատել է դիզելային վառելիքով, այլ ոչ հեղուկ բնական գազով, որը նախկինում տրանսպորտային միջոցների պայթյունի պատճառ է եղել: Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ավելի ուշ հայտնել է լրագրողներին, որ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ կողմում` երկրորդ նստարանի մոտ: Նա նշել է, որ դա եղել է ոչ բեկորային, ալիքավոր պայթյուն, և ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է ահաբեկչության վարկածը:

Իշխանությունները արդեն հրապարակել են պայթյունի հետևանքով վիրավորվածների անունները: Ուղևորներից երկուսը 14 և 15 տարեկան տղաներ են, որ ստացել են լուրջ վնասվածքներ և մոտակա բժշկական կենտրոնում արագ վիրահատության ենթարկվել: Վիրավորների մեջ նաև մի հղի կին կա: Բժիշկները ասել են, որ ո՛չ նրան, ո՛չ էլ նրա դեռ չծնված երեխային վտանգ չի սպառնում: Երկու զոհերի ինքնությունը միանգամից չի ճշտվել:

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Այն նաև կոչ է արել հանրությանը «զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից»: