Ոստիկանությունը հայտնաբերել է տրոտիլի հետք ավտոբուսի պայթյունի վայրում

Photo: Photolure

Ապրիլի 25-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ուղևորատար ավտոբուսի պայթյունի փաստի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում նոր մանրամասներ են բացահայտվել` տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա` ազգականների հետ դժգոհության ունենալով վերջինս փորձել է պայթեցման եղանակով վնասել նրանց:

Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

Photo: Photolure
Photo: Photolure

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։

Հիշեցնենք, որ 63 համարի երթուղու ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել 7 մարդ: Կեսօրի դրությամբ երկու զոհվածներից մեկի ինքնությունը պարզվել է, երկրորդինը դեռ ոչ:

Ավտոբուսը չի ունեցել գազի բալոն, այլ աշխատել է դիզելային վառելիքով, որը բացառում է հենց այնպես պայթելու հանգամանքը:

Դեպքից մի քանի ժամ անց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հաստատել էր այն հանգամանքը, որ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունը կապված չէ գազի կամ դիզվառելիքի հետ։

Իր հերթին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում գրառման մեջ մանրամասնել էր, որ ավտոբուսը չի այրվել, այլ տեղի է ունեցել «չոր» պայթյուն։

Բացի այդ, նա նշել էր, որ ավտոբուսը պայթել է ընթացքի ժամանակ, վարորդը ողջ է և գիտակցության մեջ: