Փորձագետներ. Ղարաբաղում ապրիլյան պատերազմի սխալները հանգեցրին հայոց բանակում պաշտոնանկությունների

Photo: Photolure Lieutenant-General Alik Mirzbabekyan

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստանի պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաններին ազատելու որոշումը տարբեր գնահատականների է արժանացել: Եթե ոմանց համար Հայաստանի ղեկավարի այս քայլը սպասելի էր, ոմանք` չէին հավատում, որ նման զարգացումներ կլինեն, թեպետ դրանք ավելի քան անհրաժեշտ էին համարում:

Երեքշաբթի` ապրիլի 26-ին, Սարգսյանի ստորագրած հրամանագրերով աշխատանքից ազատվել են Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն և զինված ուժերի կապի զորքերի պետ, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։

Փաստորեն, աշխատանքից ազատվել են այն պաշտոնյաները, որոնք անմիջապես պատասխանատու են եղել կապի, հետախուզության ու բանակի մատակարարումների համար:

Photo: Photolure Major-General Arshak Karapetyan
Photo: Photolure Major-General Arshak Karapetyan

Հատկանշական է, որ ապրիլի 5-ին կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունից  ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակի հաստատումից հետո շատերը Հայաստանում բանակի սպառազինության մակարդակի, հետախուզության աշխատանքի ու տարաբնույթ այլ խնդիրների մասին էին բարձրաձայնում:

Ըստ անվտանգության հարցերի փորձագետ Տիգրան Աբրահամյանի` պաշտպանության նախարարությունում, զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի ունեցած պաշտոնանկությունները մեծ հաշվով սպասելի էին:

«Ակնհայտ է, որ հայկական կողմն անհրաժեշտ «պազիցիաներում» ուժեղացման է գնում: Դրված են նոր խնդիրներ, և ակնկալվում է կատարման որակապես նոր՝ առավել բարձր մակարդակ, ինչը նաև կադրային փոփոխություններ է ենթադրում»,- ֆեյսբուքյան իր աջում գրել է Աբրահամյանը:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նույնպես տրամաբանական է համարում այս պաշտոնանկությունները:

«Ցանկացած երկիր, որքան էլ համարի, որ իր բանակը մարտունակ է և ունի անհրաժեշտ տեխնիկա, պատերազմի ժամանակ վեր են հանվում բանակի խնդիրները»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Մինասյանը:

«Բոլորի համար ակնհայտ էր, որ խնդիրներ էին առաջացել, ու այս պաշտոնանկությունները դրանց պատասխանն են: Այդ խնդիրների մի մասն օբյեկտիվ էր, մի մասը` սուբյեկտիվ, ու տվյալ դեպքում սա սուբյեկտիվ խնդիրները լուծելուն ուղղված քայլ է»,- հավելել է Մինասյանը` կարծիք հայտնելով, որ նախագահն ընդունել է այս որոշումը նաև հասարակական պահանջով պայմանավորված:

Հենց հասարակության շրջանում էլ այս որոշումը լայն արձագանք ստացավ: Սոցիալական ցանցերում այն միանգամայն դրականորեն ընդունվեց, ոմանք դա նույնիսկ բավարար չէին համարում ու այլ պաշտոնանկություններ էին պահանջում, ինչպես, օրինակ` քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը գրել էր` այլևս «մխիթարված է»:

«Այ սա ուրիշ բան…- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաֆարյանը: – Գոնե այսպես խոստովանեք, որ ղալաթներ ենք ունեցել ապրիլյան պատերազմի հետ կապված` հետախուզություն, մատակարարում, կապ…»

Քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը նույնպես այս որոշումը սխալներն ընդունելու ձև է որակել:

«Այս ազատումներով Սերժ Սարգսյանն ասում է` բանակում մենք ունեցել ենք լրջագույն պրոբլեմներ, ու հավանաբար այդ պրոբլեմների պատճառով է, որ մենք այս պահի դրությամբ արդեն խոսում ենք 100 զոհի ու կորցրած տարածքների մասին»,- երեքշաբթի «Սիվիլնեթ» կայքի քննարկումներից մեկի ժամանակ ասել է Հակոբյանը: