Ղարաբաղ. ՊԲ-ն հաղորդել է ադրբեջանական «զգալի» կորուստների մասին պատժիչ գործողությունների ընթացքում

Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com

Հայկական երկրորդ հանրապետության ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների և թիրախային հարվածներ հասցնելով՝ թշնամուն պատճառել կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ:

Ստեփանակերտից պաշտոնական լուրերը ստացվել են այն հաղորդումների ֆոնին, որ ղարաբաղյան ուժերին հաջողվել է վերականգնել ապրիլի 2-5-ը տեղի ունեցած գործողությունների ընթացքում շփման գծի մոտ գտնվող կորցրած որոշ դիրքեր: Մասնավորապես, ասվում է, որ հայերը վերականգնել են վերահսկողությունը Թալիշի շրջանում որոշ ռազմավարական բարձունքների վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել ապրիլի 5-ին հակամարտ կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը և դիմում է «սեփական զինանոցում եղած ամենաստոր ու հրեշավոր միջոցների կիրառմանը»:

«Ելնելով ստեղծված իրավիճակից` ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հակառակորդ կողմին խորհուրդ է տալիս հարգել իրենց իսկ խնդրանքով կրակի դադարեցման վերաբերյալ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ու նաև զգուշացնում` խաղաղ բնակավայրերը չվերածել կրակային հենակետերի` դրանք դարձնելով խոցման թիրախ:

Հակառակ դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է ՊԲ հաղորդագրության մեջ:

ՊԲ-ն տեղեկացնում է նաև, որ ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև այս գիշեր:

«Ադրբեջանական զինուժն իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետներից, թնդանոթներից ու ՄՄ-21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ:

Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր»,- տեղեկացնում է ՊԲ-ն՝ նշելով, որ հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996 թ. ծնված Հայկ Մինասյանը: