
Աշխատանքային խումբ է ձևավորվել` ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալված քառօրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների կարիքներն ու սոցիալական խնդիրները գնահատելու նպատակով` կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանին տեղեկացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարի հաղորդմամբ` 64 զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրների նախնական գնահատումը վերաբերում է նրանց առողջական, ուսումնական, վարկային, բնակարանային-կոմունալ և այլ հարցերին:
Ասատրյանը նաև հավելեց, որ այդ ընտանիքները գտնվում են մարզպետարանների ուշադրության կենտրոնում, բացի այդ, մարդիկ շարունակում են նյութական և դրամական միջոցներ նվիրաբերել:
«Ստացվող օգնություններն ու տարվող աշխատանքները ավելի նպատակային ու համակարգային դարձնելու համար առաջարկվում է կիրառել սոցիալական աշխատողի ինստիտուտը»,- նշեց նախարարը:
Նախորդ շաբաթ` ապրիլի 15-ին անցկացված կառավարության նիստում վարչապետը հանձնարարել էր էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հնարավորինս սեղմ ժամկետներում մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկ՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները:
Ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը տվել է 92 զոհ, որոնց ընտանիքներին աջակցության նպատակով բազմաթիվ դրամահավաքներ են անցկացվել, օգնություն են ցույց տվել նաև անհատներ, հասարակական և քաղաքացիական կազմակերպություններ:
Հատկանշական է, որ զոհվածների ընտանիքների սոցիալական աջակցությունը այսքանով չի սահմանափակվում. Երևանի ավագանու ապրիլի 27-ի նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սոցիալական ապահովության վարչությանը` ուսումնասիրել երևանաբնակ զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների առաջնային կարիքները՝ հնարավորությունների սահմաններում դրանց լուծում տալու նպատակով:
«Նաև հանձնարարել եմ, որ անշարժ գույքի վարչությունն ուսումնասիրի առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմաններն ու քաղաքապետարանի հնարավորությունների սահմանում ներկայացնի հնարավոր առաջարկներ»,– ասել է քաղաքապետը: